image
Հրատապ լուրեր:

Մուրատ Փափազեանի ՀՀ մուտքի արգելքի հարցով Փաշինեանի աշխատակազմէն պարզաբանում

Մուրատ Փափազեանի ՀՀ մուտքի արգելքի հարցով Փաշինեանի աշխատակազմէն պարզաբանում

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը, արձագանգելով «Արմէնփրէս»-ի հարցին, պարզաբանած է, թէ ինչ հիմքով 13 յուլիսին արգիլուած է Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի (CCAF) նախագահ Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն:

-Խնդրում ենք պարզաբանել, թէ ի՞նչ հիմքով է արգելուել Ֆրանսայի քաղաքացի, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Ֆրանք Փափազեանի մուտքը Հայաստան:

Յայտնում ենք, որ Ձեր կողմից նշուած անձի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի «գ» եւ «զ» կէտերը:

Տուեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ յունիսի 1-ին Ֆրանսայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր շարասիան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Շարասիան ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր մեքենան ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:

Այդ մասին վկայող տուեալներ հրապարակուել են տարբեր լրատուամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշուած անձի, այլեւ յարձակման աքթիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների (ցոյցերի) որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն՝ օրէնքով սահմանուած կարգով արգելուել է:

***

«Օտարերկրացիներու մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածը կը սահմանէ այն հիմքերը, որոնք թոյլ կու տան մերժել օտարերկրացիին մուտքի վիզայի տրամադրումը (ժամկէտի երկարաձգումը), ուժը կորսնցուցած ճանչնալ տրամադրուած մուտքի վիզան կամ արգիլել մուտքը Հայաստանի Հանրապետութիւն: