image
Հրատապ լուրեր:

«Միայն Փամփուշտ չէ հարկաւոր» Լիլիթ Աւագեանի յօդուածը

«Միայն Փամփուշտ չէ հարկաւոր» Լիլիթ Աւագեանի  յօդուածը

Լէոյի (Առաքել Բաբախանեան, 1860-1932), «Հայոց պատմութիւնը», հարիւրաւոր աշխատութիւններ, յօդուածներ կարդալիս՝ կենտրոնանում ենք բովանդակութեան վրայ՝ չմտածելով, թէ նիւթական, առողջական ինչ խնդիրներ է ունեցել հեղինակը։

Լէոն, մասնաւորապէս, իր «Հայոց պատմութեան» վրայ աշխատելիս, կանգնած էր աշխատանքը դադարեցընելու երկմտութեան առաջ, քանի որ առողջական խնդիրներին գումարուած էր նաեւ «չոր հացի խնդիրը»։

1920-ին Լէոն  նամակներ է գրել Առաջին հանրապետութեան Հանրային կրթութեան եւ մշակոյթի նախարար Գէորգ Ղազարեանին։ Նամակները տատիկիս՝ գրականագէտ Արփիկ Աւետիսեանի արխիւում էին։ Տատիկս մեքենագիր այս օրինակների տակ նշում է արել, որ  բնօրինակները Հայաստանի Ազգային արխիւում են։

Նամակները հրապարակելուց առաջ, բնական է, փորձեցի բնօրինակները գտնել Հայաստանի ազգային  արխիւում, սակայն այնտեղ  Լէոյի անձնական արխիւից ոչինչ չկար։ Աշխատակցուհին խորհուրդ տուեց նամակները փնտռել N 207 ֆոնդում, «Հայաստանի Հանրապետութեան Հանրային կրթութեան եւ արուեստի մինիստրութեան» 1-ին ցուցակում։ Հնարաւոր էր՝ Լէոյի նամակը ՝ նախարարին, տեղ գտած լինէր այստեղ։ Սակայն այս ֆոնդում եւս  նամակները չկային։

Նամակների բնօրինակները կարող էին լինել Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդում։ Սակայն ԳԱԹ-ում Լէոյի ֆոնդը շատ համեստ էր. նամակների բնօրինակները չկային նաեւ այստեղ։ Հնարաւոր է՝ դրանք լինեն Մատենադարանի ֆոնդերում։ Ամէն դէպքում, որոշեցինք հրապարակել նամակները՝ առանց բնօրինակների հետ համադրելու հնարաւորութեան։

Լէոն, ունենալով առողջական եւ նիւթական խնդիրներ, ստիպուած էր պետութեանն առաջարկել գնել իր չափազանց հարուստ գրադարանը։ Ստացած գումարով հնարաւորութիւն կ’ունենար առանց ապրուստի այլ միջոցներ փնտռելու  շարունակել «Հայոց պատմութիւն»ը։  Նախարարութիւնն առաջարկը մերժել էր։

«Ինձ կողմնակի կերպով ասացին,– գրում է Լէոն նախարարին,– թէ առաջարկութիւնս չէ ընդունուած։ Այդ ինձ կ’ուրախացնէր, եթէ առաջուայ պէս աշխատել կարողանայի։ Իմ ցանկութիւնն է եղել, որ գերեզմանը բաժանէ ինձ իմ գրքերից, իմ կեանքի անբաժան ընկերներից։ Բայց այժմ այդպէս չէ. ինձ ապրել է հարկաւոր... Բայց ինձ համար անհնարին դժբախտութիւն  եւ տանջանք կը լինի շուկայ հանել եւ վաշխառուների ձեռքը տալ իմ գրական գանձը, որ 28 տարի կաթիլ-կաթիլ հաւաքել եմ ամէն տեսակ զրկանքների միջոցով։ Ես վստահութիւն ունեմ կարծելու, որ 60-ամեայ հասակիս մէջ այնքան ծառայութիւն ունեմ հատուցած հայրենիքիս եւ հարազատ ժողովրդիս, որ Հայաստանի կառավարութիւնն անհրաժեշտ կը համարէ իմ գրքերն ամբողջովին հաւաքած պահել իր պետական գրադարանում, նոյնիսկ առանձին պահարանի մէջ։ Իմ գրքերի մէջ շատ կան ընծայաբերութիւններ մեր յայտնի ու սիրուած հեղինակներից։ Ինչպէ՞ս ես շուկայ հանեմ այդ նուիրական յիշատակութիւնները, որոնց տեղը կարող է լինել միմիայն Հայաստանի պետական մատենադարանը։ Ես ունեմ շատ հազուագիւտ հրատարակութիւններ, օրինակ՝ Նալբանդեանի «Երկրագործութիւնը», Թաղիադեանի բոլոր գործերը, Կ.Պոլսի Ազգային ժողովի բոլոր ատենագրութիւնները՝ անթերի, եւ այլն, եւ այլն։ Ինչպէ՞ս ես այդ գործերը հրապարակ հանեմ, ճարպիկ սպեկուլեանտների ձեռքը տամ, ինքս խաբուեմ չարաչար, զրկուեմ, իսկ նրանց հարիւր հազարների օգուտ տամ։ Այս կը լինի ինձ համար մահ»։

Կառավարութեան կողմից վերջնականապէս մերժում ստանալուց յետոյ, Լէոն գրում է յաջորդ նամակը.

«Չեմ կարող թաքցնել ձեզանից, որ այս փաստերից պակաս զօրաւորապէս չէին ազդում վրաս եւ իմ սեփական հայեացքները, մտորումները Հայաստանի, նրա թշուառութիւնների եւ մահուան տագնապի այս զարհուրելի շրջանում հացի չափ հարկաւոր է եւ գիրքը,– ահա ինչ է ասում ինձ մեր ամբողջ պատմութիւնը։ Բէուք-Վեդիների (թրքաբնակ գիւղ – խմբ.) օղակներում հանապազ խեղդուած ենք մենք, մեր փոքրոգութեան պատճառով քաղաքականօրէն եղել ենք միշտ թոյլ, արտադրել ենք միայն տանջանքներ, բայց նուիրագործել ենք մեր գոյութիւնը նրանով, որ բախտի բոլոր հարուածների տակ գիրք ենք պաշտել, արուեստ ենք պաշտել։ Ուրիշ պարծանք չունի հայի հազարամեայ կեանքը։ Եւ ահա թւում էր, թէ այժմ էլ մեռնող հայրենիքի համար ուրիշ փրկութիւն չկայ։ Հայ մարդուն ինքնապաշտպանութեան համար միայն փամփուշտ չէ հարկաւոր, այլ գիրք։ Հինգ տարի է՝ Հայաստանը անապատ է դարձւում, վայրենացւում է։ Սոսկալի է այն, երկրում գիրք չմնաց։ Դուք բաց էք անում միջնակարգ դպրոցներ, թատրոնական շինութիւններ եւ ժողովրդական համալսարաններ էք ծրագրում։ Բայց այս սքանչելի հիմնարկութիւնները մեռած կը մնան՝ առանց գրքերի։

Ես հին իդէալիստ եմ, եւ չնայած իմ հասակին՝ յափշտակւում եմ բաղձանքներով եւ տեսիլներով։ Ինձ թւում էր, թէ... Հայաստանն ուրախութեամբ կը տեսնէր իր մէջ այն հազուագիւտ հարուստ գրադարանը, որ ես կազմել եմ քսանեւութ տարուայ ջանքերով եւ որի վրայ յենուած՝ այսօր գրում եմ «Հայոց պատմութիւն» հազարաւոր երեսներից (էջերից – խմբ.)։ Թւում էր ինձ, թէ մայր Հայաստանը նոյնիսկ պատիւ կ’անէ բազմաշխատ որդուն՝ առանձին տեղ պահպանելու իմ գրադարանը... քանի եւ քանի փաստեր եւ մտքեր, իղձեր ու ակնկալութիւններ եկան ինձ «խարբալելու» եւ Ձեր մերժման արժանացած իմ առաջարկութիւնն անելու։ Երջանիկ կը լինէի, եթէ այդ մերժումն արպակուած լինէր մի մասնաժողովի ձեռքով, իմ առաջարկութիւնը քննելուց յետոյ, գային, տեսնէին, քննէին՝ արդեօք շա՞տ կարելի է այսպիսի գրադարաններ գտնել, արդեօք ձեռնտո՞ւ է գնալ նրան, արդեօք վնա՞ս չէ, որ Հայաստանի լուսաւորութեան գործը զրկուի այսպիսի հիմնարկութիւնից։ Դուք գրում էք, թէ համարձակութիւն չունէիք Պառլամենտից 400 հազար ռուբլի (այժմեան ռուբլի-կոպեկ) վարկ խնդրել իմ գրադարանը գնելու համար։ Շատ ափսոս. դրանով Հայաստանն է զրկւում։ Զրկւում է ոչ միայն ընտիր, հազուագիւտ գրադարանից, այլեւ հարիւրաւոր վաւերագրերից, պատմական նամակներից։ Հայոց հարցի պատմութեան նիւթեր կան իմ գրադարանում, որոնք արտագրութիւններ են հազուագիւտ հրատարակութիւնների եւ 6000 երես են կազմում։

Ես անկեղծօրէն ուրախացայ, որ Դուք մտադիր էք հայ գրողներին գէթ չոր հացով ապահովել։ Հայ գրողն այնքան կորած ու տանջուած է, որ այս նպաստն էլ նրա համար գնահատելի կը լինի։ Սակայն իմ վերաբերմամբ պիտի ասեմ, որ չոր հացի հարցը չէ միայն ինձ զբաղեցնում։ Վզիս ունեմ մի մեծ ցաւ՝ իմ հսկայական աշխատութիւնը, իմ «Հայոց պատմութիւնը»։ Ես պարտք եմ համարում յայտնել Ձեզ, հանրային կրթութեան նախարարիդ, որ այդ աշխատութիւնը ներկայումս գտնւում է այսպիսի դրութեան մէջ։ Երկրորդ հատորը պարունակում է 1100  երես, երրորդը՝ 1400  (ինչպէս ներկայ թերթը, տողերի նոյն քանակութեամբ)։ Երկրորդ հատորը հասցրել եմ մինչեւ Բագրատունեաց անկումը, պէտք է գրել Ռուբինեանների ժամանակը։ Երրորդ հատորը հասցուած է Եկատերինայի եւ Պոտեմկինի ժամանակները, պէտք է պատմութիւնը տանել մինչեւ Երեւանի գրաւումը՝ 1827-ին։ Բացի սրանից, ունեմ հայոց հարցի շատ մանրամասն պատմութիւնը՝ 6000 երես, որ կարող է չորրորդ հատորի կէսը դառնալ։ Պատմութիւնը տպուած է մինչեւ Սասունի կոտորածը՝ 1894 թ.։ Եւ այսպէս, նիւթերի մի ամբողջ ծով, իսկ մեն-մենակ նրա մէջ՝ կուրութեան վերջին աստիճանին հասած, սկլզերոզից տառապող սրտով։ Երկու անգամ փորձ արի Հայաստանի կառավարութեան օգնութիւնը յաջողացնելու համար։ Ամառն առաջարկեցի դասագրքերի համար նշանակուած 500 հազար ռուբլի գումարից տալ ինձ 100 հազար, որի փոխարէն խոստանում էի գրել մի «Հայոց պատմութիւն» միջնակարգ դպրոցների համար, ծաւալով մինչեւ 800 երես, իմ առաջին հատորի դիրքով։ Աւելի չնչին վարձատրութիւն չէր էլ կարելի երեւակայել։ Գրաշարներն անգամ չեն համաձայնուի այդ գնով (125 ռ.) շարել մի երեսը։ Առաջարկութիւնս մերժուեց։ Եւ այսօր ստեղծուել է այսպիսի մի դրութիւն։ Վրաց կառավարութիւնը գիմնազիաների հայ աշակերտների համար պարտադիր է դարձրել հայոց պատմութիւնը, բայց դասագիրք չկայ, եւ դասատուները շարունակ ինձ են դիմում՝ խնդրելով մի ճար անել։ Բանը երեւի կը հասնի այն դրութեան, որ, ինչպէս մի ժամանակ Շուշա թեմական դպրոցում, հայոց պատմութեան դասերի թիւը կը կրճատուի, որովհետեւ աւանդելիք նիւթ չկայ։ Խեղճ հայոց պատմութիւն...

Երկրորդ առաջարկութիւնս գրադարանիս մասին էր, որ նոյնպէս մերժուեց։ Հազիւ թէ, կարծում եմ, գտնուի ուրիշ մէկը, որ ինձ պէս լինի մերժումներ ստանալու կողմից։

Այս առաջարկութիւնները ես արել եմ բացառապէս իմ գլխաւոր աշխատութիւնս առաջ տանելու հնարաւորութիւն գտնելու համար։ Եւ որովհետեւ այսուհետեւ այլեւս ոչինչ չունեմ առաջարկելու, թէկուզ հէնց մերժում ստանալու ակնկալութեամբ, ուստի մնում է փակել իմ հատորները, վաճառքի հանել իմ նիւթերի ժողովածուն եւ ապագայ սերունդներին թողնել իմ կիսատ հատորները՝ բացատրելով ամէն մէկին կցած յիշատակարանի մէջ, թէ ինչից է այդ աղէտը։ Նորից ներողութիւն խնդրելով, որ անգիտութեամբ դիմում եմ արել գրադարանիս մասին, ներողամտութիւն եմ խնդրում եւ ներկայ դրութեան համար, որ դարձեալ պիտի խլէ Ձեր ուշադրութիւնը Ձեր բազմապիսի զբաղմունքների մէջ»։

Յ.Գ. Լէոյի անձնական գրադարանը Թիֆլիսից Երեւան՝ Ազգային գրադարան է տեղափոխուել 1940 թուականին։ Հաւաքածուն պարունակում է 6372 միաւոր գրականութիւն՝ գրքեր, ամսագրեր, քարտէզներ։ Հաւաքածուի 53 միաւոր գիրք հնատիպ է, 284 միաւորը՝ հազուադէպ հանդիպող գրականութիւն։

 

Լիլիթ Աւագեան

«Մետիամաքս»

 

 

Լիլիթ Ավագյան

Լիլիթ Ավագյան

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան»...