Այս բացառիկ լուսանկարն արվել է 1915 կամ 1916 թվին սիրիական Ռաս ուլ-Այն բնակավայրի հարակից հատվածում, որտեղ հաստատվել էին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ վայրերից տեղահանված հայ գաղթականները: Այն հավանաբար գաղտնի է արվել գաղթակայանին հարակից շինություններից մեկի երկրորդ հարկից: Ամենայն հավանականությամբ, լուսանկարիչը փորձել է աննկատ մնալ՝ քաջ գիտակցելով, որ իր արարքի համար կարող է խստագույնս պատժվել օսմանյան գրաքննության օրենքով, որն արգելում էր տեղահանված հայերի քարավաններն ու գաղթակայանները լուսանկարելը:
Մեծ եղեռնի տարիներին Եփրատի ափին գտնվող Ռաս ուլ-Այն արաբական բնակավայրը դարձավ Արևմտյան Հայաստանի՝ Սեբաստիայի, Դիարբեքիրի և Խարբերդի նահանգներից, այնուհետև Կոստանդնուպոլսից, Կիլիկիայից տեղահանված հայերի կենտրոնացված գաղթակայանը: Ականատեսների վկայությամբ՝ ցրտից, քաղցից ու համաճարակներից այստեղ օրական մեռնում էր 500-600 մարդ: Միայն 4 ամսում Ռաս ուլ-Այնում հոգին ավանդեց 3-14 հազար մարդ, ինչի պատճառով տեղի գավառապետը խնդրել էր դադարեցնել հայ գաղթականների տեղաբաշխումն այս բնակավայրում:
Ռաս ուլ-Այնում հայերի առաջին խոշոր կոտորածը կազմակերպեց Վանի նախկին կուսակալ Ջևդեթ բեյը: Նշանակվելով Ադանայի կուսակալ՝ այս ոճրագործը 1916 թ. փետրվարին ժամանում է Ռաս ուլ-Այն՝ կարգադրելով ոչնչացնել վրանաբնակ 50 հազար հայերի: Հրամանը չկատարած գավառապետը հեռացվեց աշխատանքից, իսկ նրա հաջորդը շարունակեց տեղահանությունն ու կոտորածը:
Ընդհանուր առմամբ Ռաս ուլ-Այնում և նրա շրջակայքում զոհվեց շուրջ 70 հազար հայ:
Բաղդադի կուսակալ Ս. Նզիֆը, ով Ռաս ուլ-Այնում տեսել էր հայերի նկատմամբ կատարվող բարբարոսությունները, գրել է. «Հայ ժողովրդի բնաջնջումը կդառնա Թուրքիայի պատմության ամենասև էջը»:
«Ես չեմ կարծում, թե համաշխարհային պատմության մեջ երբևէ կատարվել է համընդհանուր և արմատական այնպիսի նախճիր, ինչպիսին այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և ոչ էլ հավատում եմ, թե մարդկային ուղեղն ի զորու է հղանալու ավելի ահավոր ու սադայելական ծրագիր»:
Լեսլի Դեվիս
ԱՄՆ հյուպատոսը Խարբերդում
Լուսանկարի աղբյուրը` Հայաստանի ազգային արխիվի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից