image
Հրատապ լուրեր:

«Մեր պահանջն է, որ Փաշինեան հրապարակի Քի Վեսթի փաստաթուղթը». Լեւոն Քոչարեան

«Մեր պահանջն է, որ Փաշինեան հրապարակի Քի Վեսթի փաստաթուղթը». Լեւոն Քոչարեան

Աղուան Վարդանեանին հետ տեսակցած ենք Բագրատ եւ Միքայէլ Սրբազաններուն հետ, անոնք խուցին մէջ շատերէն աւելի ազատ են։ Այս մասին լրագրողներուն հետ զրոյցին ըսած է  «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեան։

«Մօտ երկու-երեք ժամ անցկացրել ենք նրանց խցում, խօսել ենք, զրուցել ենք, ստեղծուած իրավիճակի հետ կապուած ու իսկապէս մենք ենք աւելի մեծ էներգիայով (եռանդ) դուրս գալիս այնտեղից, որովհետեւ իրենց մօտ բացարձակ չկայ յուսահատութիւն, յուսալքութիւն։ Ի հարկէ ցաւալի է սա, ու դա բոլորի ամօթն է, որ նման իրավիճակում ենք գտնւում»,- նշած է Լեւոն Քոչարեան։

Հարցին, թէ արդեօ՞ք կալանաւորուած սրբազաններուն հետ խօսած են այն հոգեւորականներու մասին, որոնք վերջին շրջանին անցած են Նիկոլ Փաշինեանի կողմը, Լեւոն Քոչարեան ըսած է. «Կարծում եմ՝ իրենց յայտարարութիւնը շատ պարզ սրա մասին ասում էր, գնահատականները ճշգրիտ էին, ուղիղ էին, այս մասով, ի հարկէ, խօսել ենք։ Այստեղ նորից իրենց մտահոգութիւն էին յայտնում, վրդովմունք էին արտայայտում այդ ամէն ինչի հետ կապուած։

Գիտէք, մարդիկ ի վերջոյ կալանաւորուած են հենց իրենց կարծիքի համար, իրենց կարծիքի մասին, բաց, ազատ խօսելու համար, իրենց խղճով առաջնորդուելու համար են։ Այսինքն՝ իրենց հենց այնտեղ գտնուելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկուել ճնշումներին, չեն ենթարկուել տարատեսակ ինչ որ հնարաւոր կոմպրոմատների (զիջում) ու մնացածի եւ այսպէս խղճի բանտարկեալներ են, բայց իրականում այնտեղ գտնուելով շատ աւելի ազատ են իսկապէս, քան շատ ուրիշ հոգեւորականներ»։

Հարցին, թէ ինք ի՞նչ կը կարծէ, որքա՞ն կը շարունակուի Կաթողիկոսի դէմ այս արշաւը, Լեւոն Քոչարեան ըսած է. «Գիտէք, կը շարունակուի այնքան ժամանակ, մինչեւ որ այս իշխանութիւններին մեր ժողովուրդը կը թոյլատրի այդ ամէն ինչը շարունակել։ Ինչպէս որ Ադրբեջանն է, ինչքան կարողանում է, խլում է, տանում է տարբեր ձեւերով Հայաստանից։ Այսինքն՝ շարունակուելու է այնքան ժամանակ քանի դեռ իրենք կան։ Սա կոնկրետ (յստակ) ծրագիր է իրենց կողմից, մենք տեսնում ենք բաւական հետեւողական, որը իրենք շարունակում են:

Ադրադառնալով կառավարութեան կայքին մէջ հրապարակուած բանակցութիւններու փաստաթուղթերուն՝ Լեւոն Քոչարեան ըսած է.-

«Փաստաթուղթ հրապարակելու պահանջը, եթէ կը յիշէք, սկսուեց նրանից, երբ կոչ արեց նախկին նախագահներին՝ բանավիճելու, այս կողմից, բնականաբար, մերժուեց այդ առաջարկը եւ կոչ արեցինք մենք բոլորս, որպէսզի հրապարակի փաստաթղթերը եւ արդէն դրա արդիւնքում պարզ կը լինի, որ բանավիճելու բան չկայ, որովհետեւ ըստ Նիկոլ Փաշինեանի, պէտք էր բանավիճել նրա շուրջ, թէ ով է Արցախը յանձնել։ 2019 թուականի փասատթուղթը ցոյց տուեց, որ Արցախը կարող էր ունենալ ինքնորոշման իրաւունք՝ Ադրբեջանից դուրս։

Ինչ վերաբերում է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելուն՝ պարբերութիւնում մէջբերել են «Հայկական ժամանակ»-ի յօդուածը, որն իրենք հրապարակել են 2008 թուականի նախագահական ընտրութիւններից 10 օր առաջ։  Հասկանում էք, այնքան անլուրջ է էլի, չես հասկանում, լաւ, ոնց կարող է մարդը լինելով երկրի ղեկավար, այս կարգի յիմարի ու էշի տեղ դնի, շատ կը ներէք, մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից յօդուած, ու որպէս բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում։ Այն դէպքում, որ 1999 թուականից սկսուած բանակցութիւնները Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ իր հանգուցալուծման վերջնական տեսքը ունեցել է Քի Վեսթում. դրա համար մեր պահանջն է, որ հրապարակի Քի Վեսթեան փաստաթուղթը։ Եթէ չկայ, չգիտեմ՝ ինչ պատճառով չկայ, Արտաքին գործերի նախարարութիւնը, ես համոզուած եմ, որ դա ունի եւ Ռուսաստանի Հանրապետութիւնը, եւ Ամերիկայի Միացեալ Նահանգները, եւ Ֆրանսիան»։