image

«Մենք մտահոգ ենք Պաքուում գտնուուղ հայ գերիների խնդրով». Նիկոլ Փաշինեան

«Մենք մտահոգ ենք Պաքուում գտնուուղ հայ գերիների խնդրով». Նիկոլ Փաշինեան

Հայաստանը հետախուզական տուեալներ ունի, որ Ատրպէյճանը Պաքու պահուող հայ գերիներու նկատմամբ արգիլուած միջոցներ կը կիրառէ, որպէսզի տարածաշրջանային սրացումներ հրահրելու ուղղուած խօսոյթներ եւ ցուցմունքներ կորզէ։ 

Այս մասին յայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցի ընթացքին անդրադառնալով այն կարծիքին, թէ ոչինչ կը կատարուի Պաքու գտնուող հայ գերիները վերադարձնելու ուղղութեամբ, քանի որ անոնք իր քաղաքական հակառակորդներն են:

«Ես այնտեղ գտնուող որեւէ մէկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում եւ ընդհակառակը, աւելին՝ մենք մեզ հաշիւ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջօրէն մտահոգիչ է, այլեւ օգտագործուելու է եւ օգտագործւում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ (սրացում) հրահրելու համար: Աւելին՝ մենք հետախուզական տեղեկութիւններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելուած միջոցներ են կիրառում, որպէսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղուած խօսոյթներ, ցուցմունքներ կորզուեն նրանցից: Մենք շատ մտահոգուած ենք այդ պրոցեսով (գործընթաց): 

Այսինքն՝ Ձեր ասածով ստացւում է, եթէ Ձեր խօսոյթը դնենք` ստացւում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարութիւնն օգտագործուելու է Հայաստանի Հանրապետութեան դէմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելուած միջոցներով շատ հնարաւոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձեւերով օգտագործեն Հայաստանի Հանրապետութեան դէմ: Եւ մենք այս հարցը շատ լաւ եւ շատ խորութեամբ հասկանում ենք եւ մեզ հաշիւ ենք տալիս»,- նշեց Փաշինեան։

Վարչապետը վստահեցուց, որ բոլոր հասու միջոցներով կը փորձեն այդ խնդիրը լուծել: 

«Այսօր կան գերտերութիւններ, որոնք նոյն վիճակում գտնուող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում եւ տարիներով չեն կարողանում յետ բերել: Մարդկային բարոյական բանը  մի կողմ դնենք, որովհետեւ համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք եւ բարոյական կանոններից զուրկ ենք: Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացւում (առաջացնել) Հայաստանի Հանրապետութեան դէմ: Ասում եմ՝ մենք գիտենք, հետախուզական տուեալներ ունենք, որ արգելուած հոգեներգործութեան միջոցներով  Հայաստանի Հանրապետութեան դէմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք ասել`վայ ինչ լաւ է, քաղաքական հակառակորդները գտնւում են Բաքուի բանտում: Ո՞նց կարելի է այդպէս մտածել ընդհանրապէս»,- թեման եզրափակեց Հայաստանի վարչապետը։

Նշենք, որ նոյն հարցազրոյցի ընթացքին, վարչապետ Փաշինեան նշեց, որ իշխանութիւնները չեն պատրաստուիր արտահերթ ընտրութիւններ կայացնել երկրին մէջ: 

«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում (ծրագիր) արտահերթ ընտրութիւններ չկան: Եւ ուզում եմ Ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ արտահերթ ընտրութիւնների նախապատրաստութեան մասին խօսակցութիւններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորութիւն չկայ»,- ընդգծեց վարչապետը։