Մահացել է 44-օրյա պատերազմի հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։ Նա նույնպես ունեցել է մարտական ուղի:
Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957թվականի մայիսի 10-ին՝ Սումգայիթում։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել եւ բնակություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ՝ ունենալով երկու որդի: Ավագը՝արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Մովսեսյանը, կրտսերը՝մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։
1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ` շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ-արեւելյան շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10-ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին, իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։
1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք, մասնակցում Քարվաճառի, 1993թ-ի մայիսին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ, Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։
1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադարը մասնակցել է Ֆիզուլի-Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում, որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով:
Պյոտրի որդին՝ Ներսես Մովսեսյանը 2020թ-ի սեպտեմբերի 28-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ զոհվել:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել