image

Լեւոն Գաթրջյան. Ազունիե բուժարանի հիվանդը, որ դարձավ աստղ

Լեւոն Գաթրջյան. Ազունիե բուժարանի հիվանդը, որ դարձավ աստղ

Հուլիսի 1-ին կյանքից հեռացավ սփյուռքահայ նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգերի անզուգական կատարող Լեւոն Գաթրջյանը: Նա, ծնվելով Հալեպում, իր կյանքի մի որոշ շրջան ապրել է Լիբանանում, եւ ինչպես տեղեկանում ենք Լիբանանի Ազունիե գյուղում գտնվող հայկական առողջարանից, եղել է առողջարանի բուժառուներից. 

«1950-ականների վերջերին կամ 1960-ականների սկզբին Ազունիեի հայկական առողջարանը ընդունեց մի երիտասարդ հայ հիվանդի, որը ծնվել էր 1940 թվականին՝ Հալեպում եւ տառապում էր տուբերկուլյոզով։

Այն ժամանակ այդ մահացու հիվանդության բուժումը տեւում էր երկար ժամանակ՝ ամիսներից մինչեւ տարիներ: 

Երկար ժամանակ հիվանդը մնացել է մեր խնամքի տակ՝ բուժում ստանալով եւ վայելելով բնությունն ու մաքուր օդը: Իր ժամանակը նա անցկացնում էր առողջարանի ժամանցի սրահում՝ երաժշտություն լսելով եւ կարդալով մեր պատմության եւ երաժշտության մասին:  Այդպես նրա մեջ արթնանում է սերը դեպի հայկական ժողովրդական եւ աշուղական երգերը, սկսում է երգել երգել Սայաթ Նովայի եւ այլ հեղինակների երգեր:  

Այդ ժամանակ սովորական էր դարձել, թե ինչպես էր նա  երգում՝ պառկած իր անկողնում: Նրա քաղցր ձայնը արձագանքում էր առողջարանի ծառուղիներում՝ մխիթարելով մյուսներին: Այսպիսով, նրա առաջին հանդիսատեսն առողջարանի բժշկական անձնակազմն ու այնտեղ բուժվող հիվանդներն էին, որոնց նա քաջալերում էր հետեւել իր կրքին,  հատկապես, որ մեր հասարակության մեջ դեռ իշխում էին թուրքական երաժշտությունն ու երգերը։

Ապաքինվելուց հետո՝ 1963 թվականին նա ընդունվում է Լիբանանի ազգային երաժշտական ​​ակադեմիա, ուսում ստանում եւ դառնում հայ առաջին երգիչներից մեկը, որ տարածում է հայկական ժողովրդական եւ սիրված երգերը ոչ միայն Լիբանանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում եւ սփյուռքում։

Նրա երաժշտությունն ու ձայնը գրավեցին բոլոր հայերի սրտերը եւ ստիպեցին նրանց սիրել ու լսել հայկական երգը:

Այդուհանդերձ, նույնիսկ իր միջազգային համբավից հետո նա երբեք չմոռացավ առողջարանի իր ընկերներին, եւ երբ հնարավորություն էր ունենում, հաճախակի այցելում եւ ելույթներ էր ունենում բժշկական անձնակազմի եւ հիվանդների համար:

 

Սփյուռքի հայ ժողովրդական երաժշտության այս ռահվիրան, որ դարձավ  լեգենդ, ոչ այլ ով է, քան նույն ինքը՝ Լեւոն Գաթրջյանը, ում կորցնելու դժբախտությունն ունեցանք 2022 թվականի հուլիսի 1-ին։

Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան՝ մեր մշակութային կյանքում եւ երաժշտության մեջ ունեցած անփոխարինելի ներդրման համար։

Այս գրառմամբ ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել նրա հարազատներին եւ ողջ հայությանը: Թող Աստված լուսավորի նրա հոգին եւ հանգչի խաղաղությամբ»։

Ազունիեի ազգային առողջարան