image

Երևան․ Ալի Խամենեիի «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Երևան․ Ալի Խամենեիի «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսի սրահում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» գրքի հայերեն թարգմանության պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել էր Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանի և Իրանի պետական օրհներգերով, մասնակցել են ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալին, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Նահատակ առաջնորդի երկերի պահպանման և հրատարակման ինստիտուտի միջազգային հարցերով տեղակալ Մոհամմադ Ախգյարին, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, գրքի հայերեն թարգմանիչ, իրանագետ Մարիամ Զազյանը, ինչպես նաև երկու երկրների պետական, գիտակրթական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ։

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Ալի Խամենեիի կյանքի ու հուշերի մասին պատմող տեսանյութեր և հատվածներ գրքի հայերեն թարգմանությունից։

Ուշագրավ դրվագ․ ծանոթությունը հայազգի բանտարկյալի հետ

Ծրագրի առանցքային դրվագներից էր բանտարկության տարիներին Ալի Խամենեիի և հայազգի բանտարկյալ Գագիկ Ավանեսյանի ծանոթության պատմությունը։ Գրքում տեղ գտած այս դրվագն ընդգծում է տարբեր գաղափարական ու կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միջև ձևավորված մարդկային ջերմ կապն ու փոխադարձ հարգանքը։

ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալին նշեց, որ գիրքը երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս ծանոթանալու հեղինակի կյանքի ձևավորման փուլերին, ուսմանը և քաղաքական գործունեությանը։ Նա կարևորեց երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքում, ինչպես նաև հայ-իրանական գրականության փոխադարձ թարգմանության դերը մշակութային փոխճանաչման գործում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձավ հեղինակի՝ համաշխարհային ու պարսկական գրականության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը։ Դեսպանը շեշտեց գրքի առանցքային գաղափարը՝ հույսը, որը պահպանվում է անգամ ամենադժվար փորձությունների ու աքսորի ընթացքում։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայերեն հրատարակությունը համարեց կարևոր քայլ իրանագիտության զարգացման և ուսանողների համար ժամանակակից Իրանի պատմությունն ու մշակույթը բնագրային աղբյուրներով ուսումնասիրելու գործում։

Ինստիտուտի միջազգային հարցերով տեղակալ Մոհամմադ Ախգյարին հայտնեց, որ 15 գլուխներից բաղկացած այս գիրքն արդեն թարգմանվել է 25 լեզվով, և հայերեն հրատարակությունը դարձել է 26-րդ թարգմանությունը։ 

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծեց հայ և իրանցի ժողովուրդների պատմամշակութային ընդհանրությունները և հորդորեց ուսանողներին ընթերցել գիրքը՝ որպես Իրանի ժամանակակից քաղաքական ու մտավոր միջավայրն ուսումնասիրելու կարևոր աղբյուր։

Գրքի հայերեն թարգմանիչ, իրանագետ Մարիամ Զազյանը պատմեց, որ աշխատանքը նախաձեռնել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդի առաջարկով։

Անդրադառնալով թարգմանական նրբություններին՝ Զազյանն ընդգծեց, որ փորձել է խուսափել բառացի թարգմանությունից՝ պահպանելով բնագրի իմաստային ճշգրտությունը, հեղինակային ոճն ու հայերեն շարադրանքի բնականությունը։

«Արյուն, որը դարձավ ռուբին» վերնագիրն ունի խորհրդանշական իմաստ․ «ռուբին» (լալ) բառի ընտրությունը խորհրդանշում է տառապանքի ու փորձությունների հաղթահարումով արժեքավոր արդյունքի հասնելը։ «Բանտային հուշեր» ենթավերնագիրն իր հերթին հստակեցնում է ստեղծագործության հուշագրական բնույթը։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել գրքի պաշտոնական շնորհանդեսը, և օրինակներ են փոխանցվել ներկա դասախոսներին, հետազոտողներին ու ընթերցողներին։

Այս հրատարակությունը գնահատվում է որպես հայ-իրանական մշակութային համագործակցության և «գրքային դիվանագիտության» հերթական նշանակալի նախագիծը, որը հայ ընթերցողին հասանելի է դարձնում Իրանի նորագույն պատմության կարևոր էջերը։