Երևանը շարժվում է բոլոր հնարավորություններից հնարավորինս օգտվելու նարատիվով։ Այս մասին «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև։
«Երբեմն գործընթացներին պետք է ունենալ ավելի ստեղծագործ մոտեցում։ Երբ կունենանք խնդրահարույց իրավիճակներ, դրանց կանդրադառնանք այդ փուլում։ Այժմ մեր մոտեցումը փուլային է այս առումով, և Եվրամիության հետ մեր մերձեցումն ունի հենց այդ նարատիվը։ Դա բարդ գործընթաց է, ունի համապատասխան փուլեր, և այս ժամանակաշրջանում այդ համատեղելիի, անհամատեղելիի հարցը դեռևս մեր օրակարգում չէ»,–ասել է նա։
Մեկնաբանելով ռուս պաշտոնյաների և հայ փորձագետների հայտարարությունները ԵՄ– ԵԱՏՄ անհամատեղելիության մասին՝ Հովհաննիսյանը հիշեցրել է իրավիճակը, երբ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, 2017 թվականին ստորագրեց ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթուղթը: Ըստ նրա՝ դա նույնպես այն ժամանակ անհնար էր թվում։
«Միշտ իմ պրակտիկայում բազմաթիվ առիթներով լսել եմ այդ անհնար բառը տարբեր իրավիճակներում։ Առաջին անգամ դա ՍԵՊԱ-ի (խմբ․ խոսքը 2017 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթղթի մասին է) շուրջ իրավիճակն էր, երբ թվում էր, որ, անդամակցելով Եվրասիական միությանը, որևէ պայմանագրի հեռանկար հնարավոր չէ ունենալ Եվրամիության հետ, սակայն կարողացանք ունենալ այդ ասոցացման պայմանագրի թեթևացված տարբերակը։ Իրականում տուժեց ազատ առևտրի մասը, բայց ոլորտային համագործակցության բոլոր գլուխներից հաջողվեց պահպանել դրույթներ 75 %-ը»,- ասել է փոխնախարարը։