Օրերս կաթոլիկ պահպանողական եկեղեցու երկու քահանաներ՝ Հայր Դէ Շաքսելը, Հայր Լեռուն, «ՍՈՍ արեւելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կամավորներն ու հայ հոգեւորականները մաքրման աշխատանքներ են իրականացրել Հալիձորի հարանց Անապատում (Սյունյաց Մեծ Անապատ)։
Ճարտարապետական այս բացառիկ համալիրը Սյունյաց թեմում է, պատկանում է ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողների թվին։
Հարանց Անապատը գտնվում է Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին: Այն հիմնադրել են Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը եւ Կիրակոս քահանա Տրապիզոնցին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.֊ին: Անապատը գոյատեւել է մինչեւ 1658 թ. երկրաշարժը, երբ Անապատի բոլոր շինությունները, բացի եկեղեցուց, կործանվել են, իսկ եկեղեցին էլ սողանքի պատճառով սահել-իջել է այժմյան տեղը: Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը լքել է անապատը, տեղափոխվել այլ վայր եւ հիմնել Տաթեւի Մեծ Անապատը: Ավելի ուշ` XVIII դ. սկզբին, Հալիձորի Հարանց Անապատը վերածնվել եւ կառուցապատվել է Տաթեւի վանքի առաջնորդների շնորհիվ: Համալիրի նախնական հորինվածքից ոչինչ չի պահպանվել: XVIII դ. կեսերին կառուցված Անապատը հորինվածքով տարբերվում է նախնական վիճակից։
Ներկայիս համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, պարիսպների մնացորդներից:
Վանքի տարածքն անմխիթար վիճակում էր՝ ծածկված հաստաբուն թփերով ու ծառերով: Կաթոլիկ քահանաներից եւ կամավորներից մի քանի ժամ է պահանջվել՝ որոշ չափով վերականգնելու տարածքի պատշաճ տեսքը։ Ճանապարհի դժվարանցանելիության, քիչ ուխտավորներ եւ այցելուներ ունենալու պատճառով՝ անապատը անխնամ վիճակում է հայտնվել։
Մաքրման աշխատանքների ավարտին միասնական աղոթք է արտասանվել սրբավայրում, իսկ «ՍՈՍ արեւելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազամակերպության կամավորները խոստացել են առաջիկայում եւս շարունակել Հայաստանի վանքերի, եկեղեցիների, մատուռների, ինչպես նաեւ պատմամշակութային կոթողների մաքրման նմանօրինակ աշխատանքները՝ պահպանելու եւ խնամելու եկեղեցական մեր բազմադարյան քրիստոնեական մշակութային ժառանգությունն ու սրբությունները։