Նիդերլանդների Լիմբուրխ նահանգի Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին մեկն է Արեւմտյան Եւրոպայում գործող հայկական եկեղեցիներից, որի շուրջ հավատացյալների համախմբվածություն կա։
Նիդերլանդական այդ քաղաքում հայ ընտանիքների թիվը 100-ից անցնում է, ուստի դեռեւս 10 եւ ավելի տարիներ առաջ էր անհրաժեշտություն զգացվել հայկական եկեղեցի ունենալու եւ հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթները շարունակելու։
14 տարի առաջ Մաաստրիխտի հայ համայնքի ուժերով ձեռք բերված կրոնական կառույցը հայկական եկեղեցու է վերածվել եւ օծվել 2013 թվականին, իբրեւ Սուրբ Կարապետ եկեղեցի։ Այն Լիմբուրխ նահանգի միակ հայկական եկեղեցին է։
Փետրվարի 9-ին Մաաստրիխտում հանդիսավորությամբ նշվել է եկեղեցու օծման 12-ամյակը։ Այդ առիթով Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը սուրբ եւ անման պատարագ է մատուցել Սուրբ Կարապետ եկեղեցում, որից հետո հավատացյալները ներկա են եղել մատաղօրհնության արարողության։ Տոնական առիթով եկեղեցում հավատացյլաների հոծ բազմություն էր հավաքվել։
Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն իր քարոզում պատգամել է հեռավոր ափերում գտնվող հայ համայնքին՝ լինել ավելի համախմբված եւ գործել ի շահ հայ եկեղեցու, պահել ազգային, եկեղեցական ավանդույթները։
Եկեղեցու օծման 12-րդ տարելիցը մաաստրիխահայերի եւ մոտակա համայնքներից հատուկ այդ առիթով ժամանած հայ հավատացյալների համար նշանավորվել է նաեւ գեղարվեստական հայտագրով։ Ինչպես տեղեկացանք Մաաստրիխտի «Անի» համայնքի ղեկավար եւ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լեւոն Սարգիսից, ելույթ են ունեցել քանոնահարուհի Նարե Խորենը, սոպրանո Միլենա Բեգլարյանը, սոպրանո Տաթեւիկ Աշուրյանը, քաղաքի կիրակնօրյա հայկական դպրոցի սաները։
1998-ին կազմավորված «Անի» հայ համայնքը, չնայած հայաշունչ լինելուն, ինչպես սփյուռքահայ շատ համայնքեր, հայապահպանության, համախումբ լինելու առումով երբեմն կանգնում է բնական դժվարությունների առջեւ։ Այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում ինչպես հայ առաքելական եկեղեցու սպասավորները, այնպես էլ՝ համայնքային կյանքը կազմակերպողները։ Այս հարցերի շուրջ, ինչպես նաեւ համայնքի հոգեւոր աշխույժ կյանքի մասին «Արեւելքը» հարցազրույց ունեցավ համայնքի ղեկավար Լեւոն Սարգիսի հետ, որ կներկայացնենք առաջիկայում։