Թուրքիայի եւ Սիրիայի կործանարար երկրաշարժից հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին հովվապետական զորակցական այցով այցելել է հալեպահայ համայնք, որը նույնպես մեծապես տուժել էր երկրաշարժից:
Կաթողիկոսին եւ նրան ուղեկցող շքախմբին դիմավորել են Հալեպի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու մուտքի մոտ: Հալեպից տեղեկանում ենք, որ դիմավորման արարողությանը ներկա են եղել համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ողջ ղեկավարությունը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հավատացյալ ժողովուրդը, որ գնացել էր զորակցություն եւ մխիթարություն ստանալու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսից: Քանի որ այցի օրը համընկել էր Սուրբ Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրվան, կաթողիկոսը հանդիսապետել է տոնին նվիրված սուրբ եւ անմահ պատարագին, որ մատուցել է Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարյանը։ Վերջում եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել ժողովրդային աջահամբույր: