«Ես պարոն Նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան եւ այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կը խրախուսեմ հայ գործարարներին՝ նոյնն անել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Այստեղ ես անձնական հսկողութեան տակ կը վերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կը դնեն Հայաստանում»,- այսօր Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման ժամանակ «Հայ Ձայն»ի փոխանցմամբ, յայտարարած է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան:
Ան ըսած է, որ հայկական կողմը ցանկութիւն ունի, որ իրանական ներդրումն աւելի տեսանելի ըլլայ Հայաստանի մէջ, ինչը երկուստէք շահաւէտ պիտի ըլլայ երկու երկիրներու տնտեսութիւններու համար:
«Ի հարկէ, իրանցի շատ գործարարներ վաղուց արդէն յաջողութեամբ գործունէութիւն են ծաւալում Հայաստանում, սակայն յոյսով եմ, որ այս համաժողովը կը նպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի՝ դեռեւս չօգտագործուած ներդրումային հնարաւորութիւնների բացայայտմանը:
Յարգելի՛ գործարարներ,
Այսօր Հայաստանում ստեղծուած են բոլոր նախադրեալները՝ ներդրումներ կատարելու եւ յաջողութեամբ գործարարութեամբ զբաղուելու համար: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ թէեւ Հայաստանը փոքր եւ բաց տնտեսութեամբ երկիր է եւ հէնց դրա համար էլ շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացուող հարկապիւտճէտային եւ դրամավարկային քաղաքականութեան շնորհիւ մեզ յաջողուել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր:
Անշու՛շտ, պակաս կարեւոր չէ երկրի գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելաւումը: Վերջին տարիներին այս ոլորտում իրականացուել են մեծ ծաւալի աշխատանքներ, որոնք բարձր են գնահատուել մեր միջազգային գործընկերների կողմից: Սակայն մենք չենք պատրաստուում բաւարարուել ձեռք բերուածով:
Այսպէս, օրէնսդրական բարեփոխումների շնորհիւ նախատեսուած է ամրագրել ազգային եւ առաւել բարենպաստութեան ռեժիմները, յստակեցնել օտարերկրեայ ներդրողներին տրուող երաշխիքները, հնարաւորութիւն տալ գործարարներին օգտուելու Հայաստանում այժմ գործող եւ ապագայում նախատեսուած արտօնութիւններից, ներդրումային վէճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ հետեւողականօրէն կրճատուում եւ պարզեցուում են մի շարք ընթացակարգեր»,- գործարարներուն ներկայութեամբ ունեցած իր ելոյթի ընթացքին յայտարարած է ՀՀ նախագահը։