image

Հայաստանի եւ Ատրպէյճանի խորհրդարաններու ղեկավարներն առաջիկային կրկին պիտի հանդիպին

Հայաստանի եւ Ատրպէյճանի խորհրդարաններու ղեկավարներն առաջիկային կրկին պիտի հանդիպին

Հայաստանի եւ Ատրպէյճանի խորհրդարաններու ղեկավարները մայիսին կրկին հանդիպում պիտի ունենան։ Այդ մասին մարտ 28-ին Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցին ըսած է Ալեն Սիմոնեանը՝ մանրամասներ ներկայացնելով Ժընեւի մէջ Միջխորհրդարանական միութեան հարթակին վրայ Ատրպէյճանի Միլի Մեճլիսի նախագահ Սահիպա Կաֆարովայի հետ հանդիպումէն։

«Հանդիպման ժամանակ որոշում է կայացուել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ Ես ասացի, որ այս հարցը պէտք է քննարկեմ մեր խմբակցութեան եւ մեր թիմի հետ։ Նա նոյնպէս պատրաստակամութիւն է յայտնել իրենց ներսում քննարկել, եւ մենք պայմանաւորուեցինք յաջորդ հանդիպման վերաբերեալ, որը նախնական պայմանաւորուածութեամբ կը կայանայ մայիսի կէսերին»,-յայտնած է Սիմոնեանը։

Անոր խօսքով՝ յաջորդ հանդիպումը կրկին պիտի կայանայ Միջխորհրդարանական միութեան հարթակին վրայ։

Ազգային Ժողովի նախագահը նշած է, որ ատրպէյճանցի գործընկերոջ հետ մարտ 22-ին կայացած հանդիպումն անցած է կառուցողական մթնոլորտի մէջ։

«Կառուցողականութիւնը կայանում էր նրանում, որ մենք համաձայնեցինք, որ երկուստեք անվստահութեան մթնոլորտ կայ։ Իրենք մեզ չեն վստահում ու ասում են, որ մենք յարձակուելու ենք։ Նա առաջ էր քաշում իրենց նարատիվները, որոնց մասին մշտապէս խօսում են։ Նա փորձեց ինձ վստահեցնել, որ իրենց կողմից որեւէ սադրանք կամ որեւիցէ բան չի նախապատրաստւում։ Ես հակադարձեցի՝ ասելով, թէ այդ դէպքում ինչի համար են այդքան մեծ քանակութեամբ զէնք գնում, նա էլ ինձ մեղադրեց նրա մէջ, որ մենք ենք զէնք գնում։ Մի խօսքով՝ փոքր վէճ սկսուեց, որից յետոյ մենք վերադարձանք խորհրդարանական հարթութիւն»,-ըսած է Ալեն Սիմոնեանը։