Հյուսթոնում Հարվի ծովամրրիկի հետեւանքով տուժել է շուրջ 25 հայ ընտանիք: Այս մասին NEWS.am-ին ասել է տեղի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հայր Մարտիրոս Հակոբյանը:
«Հայերի տներն են վնասվել, անձնական մեքենաները, ինչպես նաեւ բիզնեսները: Այս պահի դրությամբ 20-25 ընտանիք ունենք, որ շվարած վիճակում են, քանի որ կորցրել են կահույք, տուն եւ ընդհանրապես ամեն ինչ: Նրանց օգնելու համար հայ համայնքը դրամահավաքներ է կազմակերպում՝ տուժած ընտանիքներին աջակցելու համար»,- ասել է տեր հայրը:
Նրա խոսքով, տուժած ընտանիքներն այս օրերին ժամանակավոր բնակվում են իրենց ազգականների մոտ, սակայն իրենք ամեն ինչ անում են այդ ընտանիքներին անելանելի վիճակից հանելու համար:
«Պետությունը ծովամրիիկից տուժած մարդկանց օգնելու է, սակայն ամբողջական փոխհատուցում չի տալու, այդ պատճառով մենք դրամահավաքներ ենք կազմակերպում»,- նշել է հայ համայնքի ներկայացուցիչը:
Նշենք, որ Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ. ջրհեղեղի հետեւանքով կան 1 տասնյակից ավելի զոհեր, Հյուսթոն քաղաքը սուզվել էր մոտ 1 մետր ջրի տակ: Այնտեղ բնակվում է շուրջ 3 հազար հայ, որոնք եղել են Հարվի ծովամրիիկի կիզակետում: