«Արևելք»-ը գրել էր Երևանում հաստատված սիրիահայ Սուլուրյանների մասին: Օրեր առաջ հարազատները հողին հանձնեցին ընտանիքի հորը՝ Մոսիկ Սուլուրյանին, իսկ նրա կինը՝ 40-ամյա Թամար Սուլուրյանը, զոհվել էր 2013-ի հուլիսին՝ Հալեպից ընտանիքով հեռանալու ճանապարհին, երբ զինյալները գնդակոծել էին խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսը:
Այժմ նրանց երկու երեխաները Երևանում, առանց ծնողների, փորձում են ոտքի կանգնել: «Արևելք»ի թղթակիցը հանդիպել է Մոսիկ և Թամար Սուլուրյանների որդու՝ Նարեկ Սուլուրյանի հետ:
«Սիրու՞մ ես Հայաստանը»- հարցնում եմ 18- ամյա Նարեկին:
-Ո՞նց չեմ սիրում,- զարմացած պատասխանում է Նարեկը,- իմ հայրենիքն է: Դուք էլ, որ դրսում ապրեիք ու Ձեզ էլ մեծացնեին «Հայաստանը, հայրենիքը ուրիշ է» հոգեբանությամբ, դուք էլ այլ կերպ կսիրեիք Հայաստանը:
Ես նայում եմ Նարեկին, ամաչում եմ հարցիս համար, բայց քանի որ սկսել եմ, որոշում եմ շարունակել. «Եթե Հալեպում պատերազմ չլիներ, երբևէ կգայի՞ր Հայաստանում ապրելու»:
Նարեկը նայում է ինձ, ժպտում. «Չէ,- ինձ զարմացնում է Նարեկի անկեղծությունը,- ես այնտեղ եմ ծնվել, մեծացել: Մեր պապերը ոչնչից տուն են ստեղծել, աշխատանք: Մենք այնտեղ ամեն ինչ ունեինք, երջանիկ էինք: Ես ապագայի հանդեպ նպատակներ ունեի, որ իրագործելը հեշտ կլիներ ու հնարավոր: Այստեղ այդ բոլորը իրագործելու հնարավորություն ես շատ քիչ ունեմ: Բայց հիմա Հալեպը ոչ մի կերպ ինձ չի ձգում, անգամ եթե խաղաղություն լինի, չեմ գնա»:
Նարեկն այժմ ապրում է տատիկի և 14 տարեկան քրոջ հետ: Թերևս հոգսերն ու դժբախտությունները Նարեկին միանգամից մեծացրել են, այնքան, որ ակամայից մոռանում եմ, որ զրուցակիցս 18 տարեկան է: Նարեկը կյանքի վերջին երեք չորս տարին մի ամբողջ գրքի կամ ֆիլմի թեմա կարող է լինել: Ինձ զարմացնում է տղայի տոկունությունը:
Պատերազմական Հալեպի մասին Նարեկը չի սիրում հիշել: Մայրն այդ պատերազմի զոհերից մեկն է: Մորական տատը՝ 66-ամյա Գյոզալ Շամամյանը անցած տարվա նոյեմբերին է եկել Հայաստան: Հալեպի մասին պատմում է, որ հոսանք չկա, խմելու ջուր՝ նույնպես, ապրելը ահավոր դժվար է դարձել: Տիկին Գյոզալի ընտանիքի ոդիսականը կարծես հայ ժողովրդի հավաքական պատմության մի մասնիկը լինի: Մինչև 1990 թվականն ապրել են Քուվեյթում: Հետո, երբ սկսվեց Իրաք-քուվեյթյան պատերազմը, տիկին Գյոզալը աղջկա և որդու հետ տեղափոխվեց Հալեպ: Այստեղ Նարեկի ծնողները հանդիպեցին, ամուսնացան: Թվում է՝ ոչ մի բան էլ չէր խաթարի ընտանեկան երջանկությունը` սիրած աշխատանք, ամուսին, երեխաներ, երբ սկսվեց պատերազմը: Ընտանիքը որոշեց տեղափոխվել Բեյրութ, որտեղից էլ պետք է Կանադա մեկնեին: Ճանապարհին էլ, հայտնվելով գնդակոծության տակ, զոհվեց Նարեկի մայրը` երեխաների և ամուսնու աչքի առաջ:
Նարեկի ծնողները
Տիկին Գյոզալը փորձում է թաքցնել տխրությունը, ասելով՝ ինչ եղել, եղել է, ոչինչ չեն կարող փոխել, հիմա ամբողջ մտածմունքը Նարեկն ու Սերինեն են. «Նարեկս միանգամից մեծացավ: Աղջկաս մահից հետո նրանք նորից վերադարձան Հալեպ: Մեկ տարի Հալեպում ապրելուց հետո, հայրը վերջնականապես որոշեց հաստատվել Հայաստանում: 2015-ից Երևանում են: Հարմարվել, ապրում էին, այն էլ ճակատագիրը ծանր հարված հասցրեց թոռներիս` հայրն էլ մահացավ: Շնորհակալ ենք բարեգութ մարդկանց, որ օգնության ձեռք են մեկնում թոռնիկներիս, այս դժվար պահին ոչ մի վայրկյան մենակ չեն թողնում»:
Նարեկը՝ տատիկի հետ
Ես փորձում եմ մխիթարանքի խոսքեր ասել այս վշտահար կնոջը, բայց հասկանում եմ, որ ամենալավատես բառերն անգամ անզոր են նրա հոգսն ու վիշտը թեթևացնելու համար:
Նարեկի հայրը ոսկերիչ էր: 48-ամյա հոր անսպասելի մահը Նարեկի ու Սերենայի կյանքը գլխիվայր շրջել է: Նարեկը որոշել է սովորել հոր մասնագիտությունը, հայրիկի ընկերները խոստացել են օգնել այդ հարցում: Հարցնում եմ. «Սիրու՞մ ես ոսկերչությունը»: Ասում է, որ անգամ գաղափար չունի, բայց դե արհեստ ունենալ է պետք, քույրիկի ու տատիկի կարիքները հոգալ: Նարեկը հպարտորեն նշում է, որ գերազանց տիրապետում է անգլերեն, արաբերեն լեզուներին: Դե, հայերենի իմացությունը ինձ՝ բնիկ հայաստանցուս էլ է զարմացնում: Նարեկը դպրոցն ավարտել է Երևանում, 11-12-րդ դասարանները հաճախել է Երևանի Անդրանիկ Մանուկյանի անվան դպրոց, որտեղ այժմ սովորում է քույրիկը:
Քույրը՝ Սերենան
Ապագայի մասին նույնպես չի սիրում խոսել. «Դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ պետք է մտածեմ ինչպես դասավորեմ ամեն ինչ: Առաջ հայրս կար, հիմնական հոգսը նրա վրա էր, այժմ ամեն ինչ փոխվել է»:
Ես հաջողություն եմ մաղթում Նարեկին... Ցուրտ ու մռայլ Երևանը մի տեսակ լցվել է արևի ջերմացնող շողերով: Ու ես հասկանում եմ՝ պատճառը Նարեկն է, 18-ամյա այս տղան իմ մեջ շատ բան փոխեց այն երկու ժամվա ընթացքում, որ հասցրեցի անցկացնել նրանց տանը:
Պատերազմն ամենավատ բաներից մեկն է, որ կարող է պատահել երկրի ու մարդկանց կյանքում, գլխիվայր շրջել կյանքը, դուրս մղել այն հիմնական ճանապարհից, շեղել ուղուց, որ տարիներ շարունակ մարդիկ գծել են իրենց համար: Բայց նաև պատերազմը սովորեցնում է մարդկանց այլ կերպ նայել կյանքին, որտեղ ցավոք միայն ուժեղներին է բախտ վիճակվում նորից շարունակել կյանքի բնականոն ուղին: Մի քիչ դաժան կստացվի, բայց եթե չլիներ այս պատերազմը, ես չէի էլ իմանա, որ աշխարհում կան Նարեկի ու իր քույրիկի նման ուժեղ մարդիկ, ովքեր անգամ ամենասարսափելի կորուստների ու դժվարությունների դեպքում կարողանում են աշխարհին նայել լայն բացված աչքերով:
Սահականուշ Արոյան/«Արևելք»-ին