image
Հրատապ լուրեր:

Գյումրեցի դերասաններն արեւմտահայերեն են խոսում. Արա Արծրունու ստեղծագործության բեմադրությունը

Գյումրեցի դերասաններն արեւմտահայերեն են խոսում. Արա Արծրունու ստեղծագործության բեմադրությունը

Լիբանանի «Գասպար Իփէկյան» հայկական թատերախումբը երկու տարի է՝ համագործակցում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ: Այդ համագործակցության արդյունքում այս տարի թատրոնի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը բեմադրություն է արել  Գյումրու թատրոնում՝ աշխատելով տեղի դերասանների հետ։

Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ Գյումրիում  նա բեմադրել էր մեկ տարի առաջ  կյանքից հեռացած լիբանանահայ գրող-թատերագիր, հրապարակախոս Արա Արծրունու «Բարի լոյս, պարոն Մատթէոս» ստեղծագործությունը, որի ներկայացումները` «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում, սպասված թատերական իրադարձություն էին գյումրեցի հանդիսատեսի եւ Բեյրութից ժամանակ հյուրերի համար:

Արա Արծրունին իր այս ստեղծագործությունը գրել է աբսուրդի եւ այլաբանության ժանրում. ժանրը հոգեհարազատ էր գրողին՝ նա իր ստեղծագործությունների մի մասը գրել է հենց այս ժանրով՝ ցույց տալով կյանքի եւ իրադարձությունների բոլորովին այլ կողմերը: Երեք գործող անձով գրված ստեղծագործությունը հայ ժամանակակից դրամատուրգիայի գլուխգործոց է: 

Բեմադրիչ Հակոբ Տեր-Ղուկասյանը մտերիմ է եղել Արա Արծրունու հետ, նա ասում է, որ  մահից առաջ գրողի ցանկություններից է եղել, որ «Բարի լոյս, պարոն Մատթէոս»-ը բեմադրվի: Մահից մեկ տարի հետո արված այս բեմադրությունը նաեւ լիբանանահայ արվեստագետի հիշատակի ոգեկոչումն է:  

Բեմադրությունը շուտով կներկայացվի նաեւ Բեյրութում: 

 


Արա Արծրունի (1932-2018)

 

Գյումրու պետական թատրոնի բեմում հնչել է արեւմտահայերեն, հանդիսատեսը ծանոթացել է նաեւ լիբանանահայ տաղանդավոր դրամատուրգ Արա Արծրունու ստեղծագործությանն ու ժամանակակից բեմադրիչ Հակոբ Տեր-Ղուկասյանի թատերական ձեռագրին: 

 


Լիբանանահայ բեմադրիչ Հակոբ Տեր-Ղուկասյանը


(Հատված ներկայացումից) 

 


 

 

Դերերում՝ գյումրեցի դերասաններ Հովհաննես Հովհաննիսյան (պարոն Մատթեոս), Արսեն Սաղաթելյան (Ջորջ),  Ջեմմա Ադամյան (Սառա) :

Տեսանյութը՝ լրագրող Երանուհի Սողոյանի