Սոս Սարգսյանի անվան Համազգայինի թատրոնում նոր բեմադրություն է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, անվանի դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ առաջին անգամ հայաստանյան բեմում ներկայացվել է արեւմտահայերեն բանաստեղծությունների հիման վրա գրված թատերախաղ: Սփյուռքահայ ժամանակակից բանաստեղծ Վիգեն Հովսեփյանի «Աստղերու հաւատքով» գրքից ընտրված բանաստեղծական հատվածներով թատրոնի դերասանները ներկայացնում են նույնանուն թատերախաղ («Աստղերու հաւատքով»)՝ դրամայի ժանրում:
Վիգեն Հովսեփյանի «Աստղերու հաւատքով» բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվել է 2023-ին եւ մեծ ընդունելություն գտել ինչպես սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում, որտեղ անցյալ տարի տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացվել է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ բնակվում է բանաստեղծը՝ զբաղվելով նաեւ հասարակական, քաղաքական գործունեությամբ: Ստեղծագործելը նրա համար հոբբի լինելով՝ ինչ-որ տեղ դարձել է նաեւ կյանքի եւ կերպարի անբաժան մաս:
Համազգայինի թատրոնի դերասաններ Տաթեւիկ Ղազարյանը, Նարեկ Բաղդասարյանը, Միլենա Ղազարյանը, Հարություն Սարգսյանն ու Անդրանիկ Միքայելյանը ժամանակակից թատերախաղով ներկայացրին գրքի հիմնական ասելիքը՝ բանաստեղծի պոռթկումների, հույզերի, հիասթափությունների, բացահայտումների եւ այլ զգացումներից կազմված մի փունջ, որը, ինչպես նշեցին առաջնախաղին ներկա հանդիսականները՝ լավագույնս է ներկայացնում գրքի ոգին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը վստահ է, որ ներկայացումը կապրի, քանի որ առաջնախաղն արդեն մեծ արձագանք է գտել: Բեմադրության ժամանակ կիրառված տեսողական հնարքների հեղինակն անվանի բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանն է:
Առաջնախաղից հետո տեղի ունեցած քննարկմանը թատերասերները ողջունեցին արեւմտահայերենով հայաստանյան բեմում բեմադրություն անելու մտահղացումը, շեշտվեց այն ավանդույթ դարձնելու անհրաժեշտությունը, նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անհետացող լեզուների քարտեզում ընդգրկված արեւմտահայերենը կարող է ապրել եւ պահպանվել նաեւ նման ձեռնարկների շնորհիվ:
Հեղինակը՝ Վիգեն Հովսեփյանը, նշեց, որ ցանկացած գրողի համար շատ կարեւոր է իր գրածի հետեւանքը (impact) տեսնելը եւ այդ առումով ուրախությամբ նշեց, որ իր ստեղծագործությունները նաեւ այս ներկայացմամբ ունեցել են իրենց հետեւանքը:
«Ամենակարեւորը՝ դերասանները ցոյց տուին իմ գրութիւններուս ամէնէն կարեւոր յատկանիշը՝ ջղայնութիւնը, որ թելի մը պէս կ ՚անցնի բոլորի մէջէն: Այդ մէկը նաեւ արտայայտութիւնն է ներաշխարհիս մէջ գտնուող մտորումներու, պայքարներու եւ այդ ջղայնութիւնը կրցած են փոխանցել իրենց ոճի մէջ: Հետաքրքրական է, որ որոշ բաներ այս բեմադրութեան շնորհիւ ես նաեւ հասկցայ իմ գրածիս մասին, որ գրած ատենս որպէս բնազդ եկած էր»,-ասաց բանաստեղծությունների հեղինակը՝ Վիգեն Հովսեփյանը:
Նա նշեց, որ արեւմտահայերենով հայրենի բեմի վրա բեմադրությունը նաեւ գաղափարախոսական իմաստ ունի այս օրերին, երբ մեր ժողովուրդն անցնում է տագնապների միջով, ինքնության խնդիրներ ունի, կարեւորագույն հարցեր են այսօր վերարժեւորում, ուստի նման ձեռնարկները, ըստ նրա, համադրություն են ստեղծում:
Հանդիսատեսները, հայտնելով իրենց կարծիքները, նշեցին, որ շատ քիչ է հանդիպում, որ բեմադրությունը գերազանցի գրական տեքստին, իսկ արվեստասերը միշտ ուզում է հավատարիմ մնալ բնօրինակին, բայց, ինչպես նշեցին՝ «Աստղերու հաւատքով» բեմադրության դեպքում այն դիտելը հավասար էր գրքի ընթերցանությանը:
Ներկաներն ակնարկեցին, որ արեւմտահայերեն բանաստեղծություն բեմադրած Համազգայինի թատրոնն այս ներկայացմամբ ինչ-որ տեղ ստանձնում է այս գործը շարունակելու պատասխանատվություն եւ մարտահրավեր է նետում:
Նաեւ հնչեց այն կարծիքը, որ գեղարվեստական բոլոր արժեքներով հանդերձ, ներկայացումը պարզեց մի պատգամ, որ այս օրերին շատ կարեւոր է՝ Սփյուռք-Հայաստան միաձուլում, որը լուսավոր աստղ պես սկսեց փայլել բեմում: Նրանք հորդորեցին՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դեպքում շեշտը դնել նմանությունների, ոչ թե՝ տարբերությունների վրա, ինչը, վստահ են՝ ավելի հեշտ կդարձնի համահայկական կյանքը:
Արեւմտահայերենի հնչյունային համակարգը հարազատ կերպով յուրացնելու հարցում դերասանների հետ աշխատել է թատրոնի դերասանուհի Տաթեւիկ Ղազարյանը, որ ինչ-որ չափով տիրապետում է գրական հայերենի այդ ճյուղին:
Իրենք՝ դերասանները, նշեցին, որ արեւմտահայերենը հաղթահարելու եւ յուրացնելու դժվարություններ թեեւ եղել են, բայց ի վերջո այն դարձել է հարազատ, անգամ վստահ են, որ գրական հայերենի այդ ճյուղը՝ իր երաժշտականությամբ, կարծես ստեղծված է բեմից հնչելու համար:
«Աստղերու հաւատքով» ներկայացումն արդեն մտել է Սոս Սարգսյանի անվան Համազգայինի թատրոնի խաղացանկ, այն այս տարի կներկայացվի նաեւ նոյեմբերի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին: