image

ԱՀԱԸ-ի և ՀԱԵ-ի «Հայասա» թատերախումբը ներկայացրել է «Քրիստոսը կրկին է խավում» բեմադրությունը

ԱՀԱԸ-ի և ՀԱԵ-ի  «Հայասա»  թատերախումբը ներկայացրել է «Քրիստոսը կրկին է խավում» բեմադրությունը

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակի դահլիճը կրկին բազմամարդ էր: ԱՀԱԸ-ի և ՀԱԵ-ի  «Հայասա»  թատերախումբը ներկայացնում էր Սուրբ Հարությանը նվիրված «Քրիստոսը կրկին է խաչվում» խորագրով բեմադրությունը:

Սցենարի հեղինակ և բեմադրիչ Նունե Աբրահամյանն  այս անգամ օրվա  խորհուրդը ներկայացնելու համար ոգեշնչվել էր 20-րդ դարի հույն հեղինակ

Նիկոս Կազանձակիսի  համանուն վեպով: 1948 թվականին գրված ստեղծագործության գործողությունները ծավալվում են Անատոլիայի հունական հեռավոր մի գյուղում, որտեղ դեռևս պահպանված են նահապետական հարաբերությունները: Այստեղ յուրաքանչյուր յոթ տարին մեկ բեմադրվում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու հարությունը: Հերթական բեմադրությանը պատրաստվելիս, երբ արդեն ընտրվում են գլխավոր կերպարները մարմնավորողները, արդեն իսկ ուրվագծվում են  տվյալ գյուղի իշխանավորների  ու  հասարակ  մարդկանց հարաբերությունները: Քրիստոսի դերը վստահվում է համեստ ու աստվածավախ մի հովվի՝ Մոնոլիոսին: Մինչ մարդիկ կսկսեին պատրաստվել բեմադրությանը, այստեղ են գալիս թուրքական յաթաղանից մազապուրծ հարևան գյուղի բնակիչները՝ կանայք ու երեխաներ , և իրադարձությունների ընթացքը փոխվում է: Գաղթականներին առաջնորդող հոգևոր հովիվը  խնդրում է, որ այս գյուղի բնակիչները գթասիրտ լինեն և կոտորածներից փրկվածներին  թույլ տան ապրել այդտեղ, այլապես նրանց ստույգ ոչնչացում է սպառնում: Այս տեսարաններում արդեն լիովին բացահայտվում են այդ գյուղի բնակիչների  անտարբերությունն ու  շահամոլությունը: Աղետյալներին օգնելու պատրաստակամություն են  հայտնում միայն Քրիստոսի դերակատար ընտրված Մոնոլիոսը և մի խենթ աղջիկ: Նրանք իրենց ունեցած վերջին կտոր հացն ու  այծը տալիս են փախստականներին, ի տարբերություն  իրենց համագյուղացի  իշխանավորների և հոգևորականների, որոնք խաբեությամբ նույնիսկ այդ մարդկանց ձեռքի վերջին ոսկին էին խլում: Հենց այդ չարակամներն էլ սկսում են դավադրություններն ու ստորությունները և ի վերջո խաչում են Քրիստոս-Մոնոլիոսին: Վերջին տեսարանում փոքրիկ տղան խաչված Քրիստոսի գլխից վերցնում է փշե պսակն ու դնում իր գլխին՝ դրանով իսկ  խորհրդանշելով այն գաղափարը, որ Քրիստոսի գործը շարունակական է , և այդ շարունակողը պիտի պատրաստ լինի կրելու նույն չարչաչարնքները հանուն արդարության և ճշմարտության:  Ներկայացման մեջ փաստորեն նախանշված էր բեմադրել Քրիստոսի խաչելությունն ու չարչարանքները, սակայն հանգամանքների բերումով իրականն ու երևակայականը խառնվեցին, Քրիստոսի դերակատարը դարձավ մի իսկական նահատակ հանուն մարդկանց մի խմբի:

Դահլիճը ջերմորեն արձագանքեց հատկապես բեմադրության  այդպիսի հանգուցալուծմանը՝ ասել է, թե հեղինակի մտահղացումը հասել էր իր նպատակին. չարին պատասխանել բարությամբ, ինքնանվիրումով, լինել գթառատ ու աստվածավախ: Այդ մասին խոսեց ու «Հայասա»  թատերախմբին շնորհակալություն հայտնեց նաև ԱՀԱԸ-ի  հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:

 

ՀԱԸ-ի  մամուլի բաժին