image

Երեւանում վաճառում են Կարմիր գրքում գրանցված տրիտոններ, որոնց որսն ու վաճառքն արգելված է

Երեւանում վաճառում են Կարմիր գրքում գրանցված տրիտոններ, որոնց որսն ու վաճառքն արգելված է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Սամվել Պիպոյանը կրկին ահազանգել է  ՀՀ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառքի մասին։ Մասնագետը նշում է. 

«Արդեն որերորդ տարին է, որ Երեւանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչեւ ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը եւ վաճառքն արգելված են օրենքով։ 

Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել եւս՝ վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միեւնույն է՝ վաճառում են։ 

Եւ այսօր ականատես եմ լինում, որ մի փոքրիկ դույլի մեջ շուրջ 40-50 տրիտոն է վաճառվում, որոնք շատ նիհար էին, ու եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն նրանց անհրաժեշտ խնամք տանելու, բոլորն էլ կարող են մահանալ կարճ ժամանակ հետո։ 

Հարց. պետական ո՞ր մարմինն է ի զորու արգելելու Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական առքն ու վաճառքը: Եթե բնապահպանության ու ընդերքի պետական տեսչությունը, ապա ի՞նչ կոնկրետ քայլեր նա կարող է անել: Անցած տարիների իմ կարծիքն այն է, որ տվյալ վերհսկող մարմինն այս գործում կարծես վախվորած է։ Գուցե օրենսդրական հիմքերի խնդիր կա: Բոլոր դեպքերում շատ կխնդրեի զբաղվել այս հարցով եւ յուրաքանչյուր տարի հազարավոր տրիտոններ իրենց մահկանացուն չեն կնքի մարդկանց ագահ վերաբերմունքի պատճառով»։

Նշենք, որ այս երկկենցաղները հատուկ հետաքրքրություն են առաջացնում  ակվարիումիստների մոտ եւ հենց նրանք էլ գնում են դրանք ապօրինի վաճառողներից: