Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ պոլսահայ համայնքում կարեւոր դերակատարություն ունեցող չորս հայ գործիչներ հրավիրվել են Անկարա՝ մասնակցելու հանրապետության տոնի առթիվ նախագահական պալատում կազմակերպված միջոցառմանը:
Անկարա են հրավիրվել Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալյանը, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Գարակէօզեան տան խնամակալության ատենապետ Տիգրան Գյուլմեզկիլը եւ «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Քոչունյանը:
«Ժամանակ»-ը Թուրքիայի այն եզակի թերթերից է, որ երկրի կյանքը վավերացրել է հենց հանրապետության հիմնադրման օրվանից՝ իր էջերում մեծ տեղ տալով ինչպես հայկական, միջազգային, այնպես էլ՝ թուրքական լուրերին:
Ինչպես տեղեկանում ենք մամուլից, Թուրքիայի ոչ իսլամ փոքրամասնական համայնքներից որեւէ մամուլի ներկայացուցիչ չէր հրավիրվել նախագահական պալատ: «Ժամանակը»-ի հանգամանքը նման կարեւոր առիթներին նախագահական պալատի կողմից նկատի է առնվում նաեւ այն առումով, որ օրաթերթը Թուրքիայի՝ անընդհատ հրատարակվող ամենահին օրաթերթն է եւ ունի 115 տարվա դրական համբավ:
Այն հիմնադրվել է 1908 թվականին՝ Միսաք եւ Սարգիս Քոչունյան եղբայների կողմից եւ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո համարվում էր Պոսլո ամենաազդեցիկ օրաթերթը: Այսօր էլ, չնայած օրաթերթը կանգնած է բազում խնդիրների առջեւ, չի դադարում լուսաբանել հայության ամենահրատապ հարցերը, մեծ ուշադրություն դարձնելով հատկապես հայ-թուրքական անխուսափելի երկխոսության անհրաժեշտությանը: