ԱԺ «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցութիւնները համատեղ յայտարարութիւն տարածած են, որ կը ներկայացնենք ստորեւ.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպէս արդէն յայտնի է` օրուայ իշխանութիւնները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին:
Իրավիճակն տարօրինակ է նրանով, որ դա կատարւում է առկայ անվտանգային մարտահրաւէրներից, պատերազմի` իրենց իսկ յայտարարած հնարաւոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրութեանը շեղելու համար:
Խորհրդարան գնալու առաջին իսկ օրուանից յայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտօնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունէութեանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրութիւնից ու ժողովրդի տուած քուէից:
Փաստ է, որ օրուայ իշխանութիւնները տեւական ժամանակ է` ջրբաժան են գծել Սահմանադրութիւնից, Անկախութեան հռչակագրից ու օրինականութիւնից` առհասարակ: Այս եւ դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետութեան ցուցիչ է, ինչն աննախադէպ է, միւս կողմից էլ` Հայաստանում աւելի է խորանում քաղաքական ճգնաժամը:
Միջազգային հանրութիւնը, չնայած փառլամենթարիզմի ակնյայտ նահանջին, յամառօրէն փորձում է չնկատել առկայ իրավիճակը, մինչդեռ իշխանութեան այսպիսի վարքագծին պէտք է հետեւեր կտրուկ եւ անմիջական արձագանգ:
Այս վարքագծով օրուայ իշխանութիւնները եւս մէկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգուած են բացառապէս պաշտօններով, զբաղուած` հետապնդումներով, զուրկ` երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին դիմակայելու որեւէ հնարաւորութիւնից, չունեն լեգիտիմութիւն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»: