26 տարի բանտում գտնվող «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել բանտից: Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ նրա հարազատներից:
Արսեն Արծրունին ծնվել է Լիբանանում, մտավորականների ընտանիքում: 1981-ից հանդիսացել է ՀՅԴ անդամ, 1990-ից հաստատվել է Հայաստանում՝ ուսումնասիրելով ներգաղթի եւ հայությանը վերաբերող այլ ծրագրերի հնարավորություններ:
Ըստ Արսեն Արծրունու կենսագրությունում նշված տեղեկությունների, ՀՀՇ-ՀՅԴ պայքարի թեժացման հետևանքով նա 1994 թվականին հայտնվել է ճաղերի հետևում:
Ազատազրկված լինելով՝ «Նուբարաշեն»-ում կազմակերպել է անգլերենի ու համակարգչային դասընթացներ: Արսեն Արծրունին առաջին ցմահ դատապարտյալն է, որ 2007-ին ընդունվել է Երևանի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Դրական օրինակ է հանդիսացել խցակիցների և ևս 5 ցմահ դատապարտյալների համար, ովքեր ընդունվել են բուհեր: 2013-ին 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ: 2016 թ-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով: Իր գիտական ուսումնասիրության արդյունքում նախաձեռնել է «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքը վերածել գիտահետազոտական մասնաշենքի, որտեղ կլինեն բոլոր դատապարտյալ- ուսանողները, կաշխատեն նաև գիտաշխատողներ, համատեղ տարիների ընթացքում կպատրաստեն ուղղման այն մոդելը, որը կտարածվի նաև մյուս ՔԿՀ-ներում:
Լուսանկարը՝ «Հետքի»