Երուսաղեմի հաոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` արնոնայի (քաղաքային հարկի) հարցով, տեղեկանում ենք պատրիարքարանից։
Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին՝ միջամտել եւ դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները եւ վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում տալու համար:
Ինչպես հայտնի է՝ Երուսաղէմի քաղաքապետարանը պնդում է, որ Հայոց պատրիարքարանը վաղեմի պարտքեր ունի, որոնք կուտակվել են 1994-ից եւ դրանք գանձելու համար գրավի տակ է դրել պատրիարքարանին պատկանող կալվածները։ Պատրիարքարանը հերքում է քաղաքապետարանի պնդումները՝ նշելով, որ դրանք հաստատված չեն դատական իշխանությունների կողմից։
Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները դատապարտել են Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման որոշումն ու անհապաղ միջամտություն պահանջել։ Նրանք մտահոգված են, որ սա կարող է նախադեպ դառնալ Երուսաղեմում քրիստոնեական բոլոր հաստատությունների համար, որոնք կարող են կանգնել նույն խնդրի առջեւ։
«Այս գործողությունները խարխլում են կրոնի ազատությունը, որ բոլոր մյուս իրավունքների հիմքն է, քանի որ գույքի բռնագրավումով փորձ է արվում վտանգել Հայոց եկեղեցու գոյությունը՝ զրկելով նրան գործունեության անհրաժեշտ տնտեսական միջոցներից եւ հայ համայնքին՝ իր եկեղեցու հովվական խնամքից»,- հայտարարել են Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները։
Հայոց պատրիարքարանի վերաքննիչ բողոքի պատասախանը հայտնի կդառնա փետրվարի 24-ին․ եթե դատարանը մերժի հայերի բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի եւ աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը՝ զրկելով նրան գոյության միջոցներից։