Ախալցխայի հայ հասարակության մեծամասնությունը վրդովված է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի ապրիլի 6-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպումից, տեղեկանում ենք akhaltskha.net-ից: Հայերի կարծիքով քաղաքապետը, հարգելով իր հայ համաքաղաքացիների ազգային զգացմունքները, ոչ միայն չպետք է հանդիպեր Ալիեւին, այլ նաեւ լուսանկարները չպետք է տեղադրեր քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում: Առավել ցավալի է այն փաստը, որ տվյալ հանդիպումը տեղի է ունեցել արցախյան քառօրյա պատերազմի տարելիցի օրերին, երբ համայն հայությունը եւ այդ թվում ախալցխահայությունը նշում էր անցյալ տարվա զոհերի հիշատակը:
Հայ հասարակության կարծիքն է կիսում նաեւ հայերի բարեկամ Գոչա Գվառամաձեն, որ նախկինում եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնակատար: Գոչա Գվառամաձեն Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասել է հետեւյալը.
«Ինձ համար շատ ցավալի է որպես ախալցխացի: Այդ մարդը պետք է հայերի ցավը հասկանար եւ առաջի պլանով չնկարվեր: Նա պետք է դա հասկանար, սակայն տվյալ արարքով ինքը ապացուցեց, որ ընդհանրապես չի հարգում (ախալցխահայությանը-Akhaltskha.net)»,- ասել է Գոչա Գվառամաձեն: