image

Գիւմրիի քաղաքապետի թեկնածու Կարէն Գրիգորեան ձերբակալուած է

Գիւմրիի քաղաքապետի թեկնածու Կարէն Գրիգորեան ձերբակալուած է

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։

«Կալանման նպատակով Գրիգորյանի նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել»,- լրագրողներին ասել է Կարեն Գրիգորյանի փաստաբասն Արսեն Բաբայանը։

Կարեն Գրիգորյանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է։

Մարինե Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ կան:

Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն էին սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունն ուղիղ եթերում հայտնել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։