image

Վրաստանը Թուրքիային տարածք է հանձնել. այն պատկանում է Սուլեյման Չելիքին

Վրաստանը Թուրքիային տարածք է հանձնել. այն պատկանում է Սուլեյման Չելիքին

Թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ վեճի առարկա դարձած այն տարածքին, որը, տարիներ շարունակ տևած բանակցություններից հետո, օրերս հանձնվել է Թուրքիային:  «Դեյլի Սաբահը» նշում է, որ  Թուրքիայի և Վրաստանի սահմանագիծ հանդիսացող  Շաք Սու գետի ընթացքը  40  տարի  առաջ փոխելու և գետի հունը դեպի թուրքական հողերը տանելու հետևանքով, Թուրքիան կորցրել էր 15,000 մետր տարածություն, որը բնական կերպով հայտնվել էր   Վրաստանի տարածքում:

40 տարի  առաջ նշված տարածքի վերաբերյալ երկու երկրների միջև վեճ էր ծագել: Այդ ժամանակ, ինչպես նշում է թերթը, Վրաստանը դեռևս գտնվում էր Խորհրդային Միության տարածքում: Վեճը շարունակվել է Վրաստանի անկախությունից հետո, և օրերս  երկու երկրների միջև այդ հարցի վերաբերյալ բանակցությունները վերջապես հանգուցալուծում են ստացել: Կազմված արձանագրությամբ որոշվել է  գետի հունը վերադարձնել 40 տարի առաջ եղած ընթացքին և Թուրքիայի հողը վերադարձնել նրան:

Օրերս ի հայտ է եկել նաև, որ գետի հունը փոխելուց առաջ նշված հողատարածքը անձնական սեփականութիւն է եղել և  պատկանել է  Թուրքիայի քաղաքացի Սուլեյման Չելիքին, որն այսօր 78 տարեկան է: Ինչպես գրում է թերթը,  Չելիքը, Թուրքիայի կողմից Վրաստանից տարածքի  վերատիրացման լուրը լսելուց հետո, ասել է. «Ես խորը ցավ եմ ապրել,  երբ 40 տարի առաջ կորցրել եմ հողս: Բազմաթիվ բողոքներ եմ հղել իշխանություններին, սակայն նրանք  անփույթ են վերաբերվել իմ պահանջին, և միայն  2013 թ.-ին է կառավարությունը որոշել հանձնաժողով կազմել  և  բանակցությունների գնալ»:

Հողատարածքը կրկին վերադարձվել է տիրոջը: Չելիքը հայտնել է, որ հողատարածքը շատ բերրի է և այն օգտագործելու է գյուղատնտեսական նպատակներով:  

Վրացական մամուլն իր հերթին  նշում է, որ վրացական հասարակությունը հատուկ ուշադրություն չի դարձրել երկրի տարածքային ամբողջականության խախտման վերջին փաստին: