Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերությունը (GIZ) 2015 թվականի նոյեմբերից նախաձեռնել է նոր ծրագիր՝ աջակցելու համար Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։

Ծրագրի շրջանակներում 2016 թ․ մայիսի 19-ից 22-ը Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերությունը կազմակերպում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումը, որի նպատակն է սիրիահայերի գործարար ակտիվության խթանումը, սպառողներին մեր հայրենակիցների արտադրանքների և ծառայությունների հետ ծանոթացնելը, սիրիահայերի կողմից հիմնված ձեռնարկությունների ինտեգրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ջանքերի միավորումը և աջակցության միասնական քաղաքականության մշակումը ։

«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը սիրիահայ գործարարներին, աշխատանք փնտրողներին, գործատուներին, ինչպես նաև պետական, միջազգային և տեղական աջակից կազմակերպություններին առաջարկում է մասնակցել դրա ընթացքում անցկացվող ցուցահանդեսին, դասընթացներին և կոնֆերանսին։

Ֆորումի 4 օրերի ընթացքում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 50 ձեռնարկություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները, իսկ պետական և միջազգային կազմակերպությունները՝ իրենց աջակցության ծրագրերը։
Բիզնես ֆորումին մասնակցելու համար կարելի է գրանցվել այս հղումով .



