image

Սիրիահայ խառատն իր գործն է ընդլայնել Հայաստանում. Լուսանկար

Սիրիահայ խառատն իր գործն է ընդլայնել Հայաստանում. Լուսանկար

Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) «Աջակցություն սիրիահայ գործարարներին» ծրագիրը մեկնարկել է 2016-ին ու արդեն օգնել է 17 հոգու կամ սեփական բիզնեսը սկսել կամ ընդլայնել,զարգացնել այն, տեղեկացնում են ՀՕՖ-ի գրասենյակից: Ծրագրի շահառուները զբաղվում են ոսկերչությամբ, արծաթագործությամբ, մետաղագործությամբ, հնաոճ կահույքի վերանորոգմամբ, սննդի արտադրությամբ, լեզուների ուսուցմամբ եւ այլն։

Անցած տարի ծրագրի աջակցությամբ իր բիզնեսն է ընդլայնել նաեւ 37-ամյա Կարապետ Պաճագյանը՝ մասնագիտությամբ խառատ։ Նա խառատային հաստոց է գնել, որ շատ է հեշտացրել նրա աշխատանքը։

«Ջրի պոպմերը նորոգելու համար ես ստանոկի գործերն էի անում, բայց ինչ-որ գործերի համար ուրիշ տեղ էի ուղարկում, բայց հիմա բոլոր գործերը մենք ենք անում, ու ամիսը միջինը 60-70000 դրամ խնայում ենք»,- նշում է Կարապետը։

Արդեն 6 ամիս է նա ավելի մեծ տարածք է տեղափոխել իր գործը՝ Արցախի 1/3, Կայարանի մոտ՝ ինչպես ինքն է ասում։

Կարապետը BMW, Jaguar, Volvo, Mercedes մակնիշի մեքենաների ու ավտոբուսների ջրի պոպմեր է վերանորոգում։ Շատ սիրիահայերի նման նա նույնպես 2012-ին Սիրիայում սկսված պատերազմի ականատեսն է եղել։ Նույն տարում էլ տեղափոխվել է Հայաստան, իսկ 2013-ին հիմնել է Հալեպում տարիներ շարունակ իրականացրած ընտանեկան բիզնեսը․ «16 տարեկանից պապենական գործին եմ պապայիս հետ։ Օթոյի քուլինգ սիստեմի համար ջրի պոմպը շատ կարևոր է։ Զավադսկոյը երկար է դիմանում, բայց հենց փչացավ՝ պիտի փոխես»։

Բացատրում է՝ իր գործը երեք փուլից է բաղկացած։ Սովորաբար փչացած ջրի պոմպերը բերում են, նորոգում է ու դրանք կրկին գործածության պիտանի են լինում։

«Արտաքին գովազդ կուզեմ անել, որ մարդիկ տեղն իմանան, հետո ամեն բան լավ կերթա»,- նշում է նա։