Հայկական Ուսումնասիրությունների Անի Կենտրոնը գրում է.-Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում կայացած դատական նիստում հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավաճիռը, համաձայն որի Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: «ՄԻԵԴ-ի 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի վճիռը վերջնական է և վերջակետ է դնում 2007 թվականից ի վեր Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գործով իրավական վճիռների և բողոքարկումների շղթային»,- գրում է Ազատությունը՝ հղում անելով Swissinfo.ch կայքին:
Նախապատմությունը
Շուրջ տասը տարի առաջ Փերինչեքը Լոզանում թուրքական մի հավաքում ունեցած իր ելույթում Հայոց ցեղասպանությունը որակել էր “միջազգային սուտ”, որի պատճառով 2007թ. մարտին Վո կանտոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Փերինչեքը դիմել էր դատարան` բողոքարկելով վճիռը: Վո կանտոնի և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրել էր վճիռ, ըստ որի՝ շվեյցարական դատարանը խախտվել էր Փերինչեքի ազատ արտահայտվելու ազատությունը: Այսպիսով, Փերինչեքը դատարանում հաղթել էր Շվեյցարիային:
2015թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը, որին ելույթ ունեցավ ինքը՝ թուրք ազգայնական Դողու Փերինչեքը, նրա փաստաբան Ստեֆան Տալմոն։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, աշխարհահռչակ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը և Ամալ Քլունին։ Վերջինս իր ելույթում նշել էր, որ Ցեղասպանության վերաբերյալ դատարանի ստորին պալատի վճռում առկա եզրահանգումներն «անարգում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհվածների հիշատակը և աջակցում են նրանց, ովքեր ժխտելով ցեղասպանությունը՝ հրահրում են ռասայական ատելություն և բռնություն»: Ամալ Քլունին հույս էր հայտնել, որ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կուղղի այդ սխալը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը թուրքական մամուլը որակել էր պատմական` այն համարելով Թուրքիայի հաղթանակ, քանի որ եվրոպական դատարանը թույլատրում է Հայոց ցեղասպանության ժխտումը` դրա դեմ դատական գործ հարուցելը համարելով խոսքի ազատության սահմանափակում:
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, արդարացնելով Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտող թուրք ազգայնականին, անուղղակի կերպով կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության եղելությունը: Երբ Փերինչեքը արդարացվեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ “Էրգենեկոնի” գործով:
2014-ի մարտի 10-ին Ստամբուլի քրեական դատարանը վճռիռ էր կայացրել «Էրգենեկոնի» գործով մի շարք կասկածյալների, այդ թվում`Փերինչեքի ազատ արձակման մասին: Զուգադիպություն էր, թե պատահականություն, սակայն ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը` մարտի 11-ին, Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը հայտարարել էր, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել էր Շվեյցարիայի որոշումը:
Հունիսի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրել էր գործի քննությունը Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Անմիջապես արձագանքել էր Թուրքիայի արտգործնախարարությունը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ ամրագրվում է «արտահայտման ազատության պաշտպանությունը, որը ազատությանը, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ հասարակությունների հիմնարար տարրն է», մինչդեռ Շվեյցարիան հարցը ներկայացրել է Մեծ պալատ բացարձակապես քաղաքական դրդապատճառներով: Համոզված ենք, որ Մեծ պալատը գործը քննելիս կառաջնորդվի միմիայն իրավական նկատառումներով: Անհնար է պատկերացնել արդյունք, որը կտարբերվի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումից: Այսպիսով՝ դա մեկ անգամ ևս կլինի համարժեք պատասխան այն նախաձեռնություններին, որոնք միտված են պատմության և օրենքի քաղաքականացմանը և կամրագրի, որ ժողովրդավար հասարակությունների հիմնաքարը հանդիսացող արտահայտման ազատությունը պաշտպանված է»:
Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան, Հունաստանը, որտեղ նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք է: