image

Նույնասեռականության պատճառով խմբից հեռացված հայը նոր պարախումբ է հիմնելու, որտեղ բոլոր հայերն ընդունված կլինեն

Նույնասեռականության  պատճառով խմբից հեռացված հայը նոր պարախումբ է հիմնելու, որտեղ բոլոր հայերն ընդունված կլինեն

«Դեպի Հայք» կամավորական ծրագրով Լոս Անջելեսից 2015-ի դեկտեմբերին Հայաստան եկած Գայլ Խանդիկյանը Հայաստանում փորձել է իր ինքնությունը գտնել հայկական մշակույթի միջոցով: «Դեպի Հայքի» ուսուցողական և ճանաչողական ծրագրերին մասնակցելուց բացի,  երիտասարդ սփյուռքահայը անդամագրվել էր նաև  պարի դասընթացների և հայկական պար էր սովորում մի պարուսույցի մոտ, որը «Կարին» խմբի անդամներից է:   Օրերս պարուսույցը դադարեցրել է նրա հետ պարապմունքները՝  իմանալով, որ  երիտասարդ տղան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի և որ չի կարող հայկական մշակույթին հաղորդակցվել: Այդ մասին «Արևելքին» հայտնեց Գայլ Խանդիկյանը, նշելով, որ պարուսույցն ասել է, որ ևս մեկ տղայի էլ հեռացրել են խմբից՝ աղանդավոր լինելու պատճառով, ինչպես նաև պարուսույցը, ինչպես տեղեկանում ենք Գայլի ֆեյսբուքյան գրառումից, տղային ասել, է թե բոլոր պարուսույցներին ասելու է նրա անունը, որպեսզի թույլ չտան պարել որևէ տեղ: 

«Սա անձնական հարց չէ, սա հասարակական կարծրացած մտածողության ցայտուն դրսևորում է»,- «Արևելքի» հետ զրույցում ասաց Գայլ Խանդիկյանը, նա շատ վիրավորված է իր հանդեպ ցուցաբերված նման մոտեցումից,  չնայած այստեղ գալուց առաջ շատ լավ գիտեր, որ Հայաստանում հոմոֆոբիան լուրջ խնդիր է, բայց մինչև հիմա նման խտրական փորձառություն չի ունեցել: 

«Լոս Անջելեսում էլ կա հոմոֆոբիա և ընդհանրապես, ամբողջ աշխարհում էլ կա»,-մեզ հետ զրույցում նշում է Գայլ Խանդիկյանը,  զարմանալով սակայն, թե իր սեռական կողմնորոշումն ի՞նչ կապ ունի  հայ մշակույթի հետ: «Որևէ մեկը չի կարող ինձ զրկել իմ մշակույթից, իմ ազգությունից, իմ ինքնությունից: Հայ մշակույթը բոլորին է  պատկանում, ոչ թե մի քանի մարդկանց, որոնք նեղ սահմանումների մեջ են մտնում և իրենք են սահմանում՝  ով  հայ է և ով հայ չէ»,- նշում է Գայլ Խանդիկյանը:

Շարունակելու եմ պարել հայկական ազգագրական պարեր:  Ասում է Գայլը: «Ավելին՝ պարի միջոցով արտահայտելու եմ իմ բողոքը նման երևույթների հանդեպ»: Գայլ Խանդիկյանը պատրաստվում է իր ընկերների հետ նոր պարախումբ հիմնել, որտեղ, ինչպես ասաց մեզ հետ զրույցում, բոլոր հայերը ընդունված կլինեն՝ առանց կողմնորոշման կամ այլ գունավորումների:  

Հայաստանցի պարուսույցի վերաբերմունքն «Դեպի Հայք» հիմնադրամի իր ընկերներից, որոնք նաև աջակցություն են հայտնել, ինչպես նաև  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» «Փինք Արմենիա հ/կ-ն:

Գայլ Խանդիկյանի խոսքը՝ իր հետ կատարվածի մասին հրատարակել է Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթի անգլերեն խմբագրությունը, իսկ արտատպել է Հայ Դատի ԱՄՆ-ի հանձնախմբի կայքէջը:  Մեր այն հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ ՀՅԴ օրգան թերթն այնուամենայնիվ, անդրադարձել է  նման փակ թեմայի, Գայլը պատասխանեց, որ ի տարբերություն այլ երկրների դաշնակցական կառույցների,  «Ասպարեզը», ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն  այս հարցի հանդեպ ավելի բաց են, նրանց համար սեռական կողմնորոշումը փակ թեմա չէ. «Ընդունում են,  որ բոլորս հայ ենք, անկախ մեր կողմնորոշումներից»,-նշում է Խանդիկյանը:

Ինքը՝ Գայլն էլ, աշխատել է իբրև «Ասպարեզի» անգլերեն բաժնի խմբագրի օգնական, իսկ Հայաստանում իր կամավորական աշխատանքը կատարում է «Փինկ Արմենիայում»՝ անդրադառնալով  ԼԳԲՏ անձանց խնդիրներին:

Լոս Անջելեսում հայկական դպրոց հաճախած երիտասարդը Հայաստանում գտել է իր հայկական ինքնությունը, պատրաստվում է կամավորության ամբողջական տարի անցկացնել հայրենիքում:

Նրա հայրը լիբանանահայ է, մայրը՝ էլսալվադորցի: