image

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան տարեդա

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը  շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին  ծննդյան տարեդա

21 օգոստոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցող տարբեր թեմերի քահանաներն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձի բերկրալի առիթով:

 

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները հայցեցին Երկնավոր Տիրոջ զորակցությունը Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալին և մաղթեցին կենաց արևշատություն ու արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

 

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար, ամենքին բաշխեց հայրապետական իր օրհնությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց` ազգին և Եկեղեցուն մատուցվող ծառայության մեջ իրեն լծակից հոգևոր դասին` ամբողջանվեր սպասավորության համար, որով առավել զորանում է Հայոց Եկեղեցին իր Տերունավանդ առաքելության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ փաստեց Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումն ու զորակցությունը Հայոց Հայրապետին` աշխարհասփյուռ ազգային-հոգևոր կյանքի շինությանն ուղղված օգտաշատ գործունեության մեջ:

 

Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հոգու ամրությունն ու հավատքի զորությունը և, մաղթելով Աստծո Ս. Աջի հովանին ամենքին, պատգամեց առավել նախանձախնդրությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց օրհնյալ ծառայությունն ազգին, Հայրենիքին և Հայոց Եկեղեցուն:

 

Տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ: