image

Լիբանանահայ Նուբար Հիմիդյանը տունը նվիրել է սիրիահայ ընտանիքի և ապրում է Մոնրեալի տարեցներիտանը

Լիբանանահայ Նուբար Հիմիդյանը տունը նվիրել է սիրիահայ ընտանիքի և ապրում է Մոնրեալի տարեցներիտանը

Նուբար Հիմիդյանը Մոնրեալի ծերերի տան 90 հայ բնակիչներից մեկն է, նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով է այստեղ ապաստանել:

 

Հիմիդյանի հետ զրուցելիս երբեք գլխի չես ընկնի, որ 88 տարեկան է,  աշխույժ պապիկը խոստովանում է, որ շատերն են զարմանում, թե իր նման երիտասարդն ինչո՞ւ է տարեցների տանն ապրում: «Այն եռանդով, աշխուժությամբ, որ քեզի հետ կխոսիմ, ասիկա ժառանգական է, ինծի տեսնողը կըսե, որ 40-50 տարեկան անձ մըն եմ, ասիկա ժառանգական է, Աստուծմե մեզի տրված է»,-հպարտությամբ ասում է նա:

 

Երիտասարդ չէ, բայց իրեն անօգնական է զգացել միայն այն ժամանակ, երբ տարիների հավատարիմ կողակցին է կորցրել:  «Շատ աշխույժ, բարի, բարեգործականի անդամ տիկին ունեի, դժբախտաբար հիվանդություն եկավ անբուժելի, զինքը առավ տարավ: Երբ որ աս եղավ, վրաս սթրես եկավ»,-պատմում է Նուբար Հիմիդյանը: Տարիներ են անցել, բայց ցավը մնացել է:

Այն մեծ տունը, որտեղ հայ տարեցներն են ապրում, ծերանոց չի համարում, այլ ուրախ բնակավայր, որտեղ տարեցներից յուրաքանչյուրը տրամադրություն է ստեղծում:Կազմակերպում են տոնակատարություններ, տարբեր միջոցառումներ, չի նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում, հեռու է զավակներից, բայց սա նրա համար տխրելու պատճառ չէ, հաճախ են այցելում, զրուցում: «Իմ երկու զավակներս ամուսնացած են, ամեն մեկը զավակ ունի, լավ վիճակի մեջ են, իրենց գործերով, հաջողությունով, և ուրախ եմ, անշուշտ կայցելեն ինծի, կուրախացնեն»,-ասում է «Արարատ»-ի բնակիչը:

 

Այստեղ ապրելը նրա համար տխրելու առիթ չէ, եթե Հայաստանում ծերանոցում հայտնվում են անզավակ, անընտանիք ու անտուն մնացած ծերերը՝ անօգնական վիճակում, ապա այստեղ շատերն ունեն լավ ապրելու հնարավորւթյուն, սակայն համարում են, որ այս մեծ ընտանիքում շատ ավելի լավ են պայմանները: Պատահական չէ, որ Նուբար Հիմիդյանը բնակարանը, որտեղ ապրել է երկար տարիներ, ամբողջ գույքով նվիրել է սիրիահայ ընտանիքին:

 

«Տուն մը ունեի, կապրեի, սիրիացի ընտանիքի մը ձգեցի, սիրիացի ընտանիքներ կու գային «Հայ տուն»-ի միջոցով, և ես հոս եկա, հոս հանգիստ կապրիմ: Մենք` հայերս, սովորություն չունինք ասանկ տարեցների տուն ապրելու,  կկարծենք, որ ծերանոց է, շատ վատ տեղ մըն է, բայց բոլորովին հակառակն է, կանադացիները ասանկ չեն, կսպասեն, որ տարիքն առնեն,այս տեսակ շենքերը կան, հոն կերթան, շատեր եկան, տեսան, հիմա կմտածեն այս տեսակ շենքեր կառուցել հայ տարեցներու համար»,-ասում է լիբանանահայը:

 

Լիբանանը նա լքել էր դեռ 1990թ-ին, ընտանիքին մահվան ճիրաններից փրկելու համար: Այստեղ քույրն  էր ապրում, ում հրավերքով էլ տեղափոխվել է Կանադա: Դերձակությամբ է զբաղվել փեսայի արհեստանոցում, դժգոհ չի եղել:

Եթե չլիներ պատերազմական իրավիճակը, չէր հեռանա Լիբանանից, չի սիրում հաճախակի փոխել բնակավայրը: Բայց ուրախ է, որ Կանադայի նման երկիր է տեղափոխվել, որտեղ պետությունը հոգում է ներգաղթյալների հոգսերը:

«Առավելություն ուներ այս երկիրը, աշխարհի վրա ուրիշ տեղ չուներ Կանադայի պես, երբ որ մեկը երկիր կբերե, անոր ուսումը, համալսարանը, ամեն բանը կհոգա, եթե դրախտ մը կա, ան ալ իսկապես Կանադան է, անշոշտ մենք մեր հայրենիքը չմոռնալով»,-ասում է ծերունին:

Սա է պատճառը, համոզված է նա, որ բազմաթիվ սիրիահայեր մեկնեցին Կանադա, ովքեր նպաստում են, որ Սփյուռքի այս հատվածում հայկական արժեքների գոյությունը շարունակվի: