Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքում նախատեսված է կազմակերպել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Միջոցառմանը կնախորդի Սբ. Պատարագը, որը կմատուցվի ձեռամբ արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի: Նախատեսված է նաեւ անցկացնել գիտաժողով՝ նվիրված հայկական մշակույթին: Միջոցառումը կազմակերպելու են Կլեբարկի հայ համայնքը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ:
Նույն օրը Լեհաստանի բոլոր կաթոլիկ եկեղեցիներում կընթերցվի Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի հրապարակած նամակը՝ արդի աշխարհում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների մասին: Այդ նամակում, որտեղ լեհ եպիսկոպոսներն իրենց համերաշխությունն են հայտնել հավատի համար զոհված բոլոր քրիստոնյաների հանդեպ, անդրադարձ կա նաև Հայոց Ցեղասպանությանը:
Նամակում գրված է, որ այս տարի հիշատակվում են Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունները, եւ փաստվում, որ զոհերի ամենամեծ խումբը բաժին է ընկել հայ ժողովրդին՝ 1,5 մլն սպանված, որին հաջորդում են սիրիացիները՝ մոտ 300.000, հույները՝ մոտ 200.000:
«Զանգվածային ջարդերի պատճառը քրիստոնեության հանդեպ ատելությունն էր: Հազարավոր քրիստոնյաներ հարկադրված էին ընտրություն կատարել իսլամի եւ Քրիստոսի միջեւ եւ հերոսաբար ընտրում էին Քրիստոսի Խաչը»,-գրում են լեհ եպիսկոպոսները: Նամակում կա նաև վիճակագրություն. ըստ Aid to the Church in Need կազմակերպության տվյալների, 2014թ. ընթացքում քրիստոնյաները հալածվել են 116 երկրներում, ամենատարբեր ձևերով՝ ծաղր, արհամարհանք, տեղահանություն, բռնաբարություն, դաժան սպանություն եւ այլն: Ամեն տարի մոտ 100.000 քրիստոնյա սպանվում է հավատքի պատճառով:
Եպիսկոպոսները գրում են, որ, որպես քրիստոնյաներ, չեն կարող անտարբեր մնալ այս ողբերգությունների հանդեպ: «Հարկ է պատասխան տալ հասարակության մեջ արմատացած մեղքին ու չարիքին: Մենք պետք է որդեգրենք ավետարանական կեցվածք: Հալածված և սպանված քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի Զոհի մեկ մասն են, որը Նա արեց աշխարհի փրկության համար:Մենք պետք է պատրաստ լինենք տառապելու՝ պաշտպանելով մեր հավատքը: Աղոթենք, որ Քրիստոսն օգնի մեզ մեռնելու իր հետ միասին ամեն օր»,- գրում են լեհ եպիսկոպոսները:
Նամակում Հայոց Ցեղասպանության հիշատակության համար կարեւոր դեր են խաղացել Լեհաստանի հայկական համայնքի պաշտոնական ներկայացուցիչը եւ լեհահայերի «Մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի» նախագահը: