«Էզդիխանի բարձրագույն խորհրդի» (ԷԲԽ) կազմկոմիտեն նոյեմբերի 24-ին՝ ժամը 10.30-ին «Հրազդան» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում կազմակերպում է «Իմ տունը Էզդիխանն է» խորագրով համաժողով:
«Էզդիխանի բարձրագույն խորհուրդը» եզդիների ցեղասպանությունից հետո ստեղծված կառույց է, որի նպատակն է աշխարհի տարբեր վայրերում գտնվող եզդիների միավորման միջոցով ձեռնամուխ լինել վերջիններիս խնդիրների լուծմանը, եզդիական մշակույթի և կրոնի պահպանմանը, ինչպես նաև եզդիների հայրենիքում՝ Սինջարում, եզդիների համար անվտանգության գոտու ստեղծմանը:
Հայաստանում կազմակերպվելիք համաժողովը նպատակ է հետապնդում հավաքել եզդիների խնդիրների լուծման ուղիների մասին կարծիքները և դրանք ներառել ԷԲԽ-ի առաջիկա ծրագրերի մեջ:
ԷԲԽ-ն կարևորում է Հայաստանի եզդիների և եզդիական հարցերով զբաղվող հայ մտավորականների մոտեցումները և անհրաժեշտ է համարում խնդիրների լուծման ժամանակ առաջնահերթություն տալ նաև առաջարկված մոտեցումներին և խնդիրներին: Համաժողովին մասնակցելու է ԷԲԽ-ի պատվիրակությունը, Հայաստանի եզդիական համայնքի հասարակական գործիչները, մտավորականներ, ինչպես նաև խնդրին քաջատեղյակ հայ հասարակական և քաղաքական գործիչներ: