Նոյեմբերի 6-ին Գյումրիում մահացել է Անարատ Հղիության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Սեսիլը (մկրտության անունով՝ Թագուհի):
Քույր Սեսիլ Քեհեյանը ծնվել է 1923թ. ապրիլի 13-ին, Կիպրոսում:
1946թ. մեկնել է Հռոմ՝ ուսանելու նորընծայարանում:
1947թ. դեկտեմբերի 8-ին ստացել է նորընծայության սքեմը:
Անարատ Հղիության միաբանության վանական անդրանիկ ուխտերն ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին:
1949թ. միաբանության մեծավորուհիները քույր Սեսիլին ուսման են ուղարկել Ֆրանսիա՝ Ուրսուլին միանձնուհիների մոտ, ուր մնացել է երկու տարի եւ ստացել մանկավարժի վկայական:
Ավարտելով կրթությունը՝ 1957թ. ուղարկվել է Բեյրութ, 1967թ.՝ ստանձնել Հռիփսիմեանց վարժարանի մեծավորուհու եւ տնօրենի պաշտոնները և մեծ հաջողությամբ ղեկավարել է վարժարանը՝ մինչև 1992թ.:
1992թ. ուղարկվել է Բոստոն, ապա՝ 1994թ.՝ Ֆիլադելֆիա, որտեղ չորս տարի վարել է մեծավորուհու եւ հայերենի ուսուցչի պաշտոնները: Քույր Սեսիլը մեծ եռանդով դասավանդում էր հայերեն, հայոց պատմություն, մշակույթ, մանուկների հոգիներում սերմանում սեր առ հայրենիք եւ հայկականություն:
1998թ. մեկնել է Մարսել, ուր երկու տարի մնալուց հետո, 2000թ. տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի, որտեղ ծառայել է մինչև 2003թ., ապա վերադարձել Բոստոն:
Վերջին ամիսներին քույր Սեսիլը դարձյալ Գյումրիում էր, որտեղ էլ վախճանվել է խոր ծերության հասակում` աստվածային շնորհներով առատորեն զարդարված:
Քույր Սեսիլ Քեհեյանի թաղման արարողությունը տեղի կունենա 2015թ. նոյեմբերի 7-ին՝ նախագահությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Արարողությանը կնախորդի Սրբազան Հոր ձեռամբ մատուցվելիք Սուրբ Պատարագը՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում՝ ժամը 11:00-ին:
Հայ Կաթողիկե եկեղեցու Առաջնորդարան