image

Գլօտ-Արմէն Մութաֆեանի՝ «La saga des Arméniens de l'Ararat aux Carpates» գիրքը. գրախօսեց Էլիզապէթ Թաճիրեան (Գ. Մաս)

Գլօտ-Արմէն Մութաֆեանի՝ «La saga des Arméniens de l'Ararat aux Carpates» գիրքը. գրախօսեց Էլիզապէթ Թաճիրեան (Գ. Մաս)

 

Գրախօսական. Գլօտ-Արմէն Մութաֆեան 
«La saga des Arméniens  de l'Ararat aux Carpates» 
Փարիզ, Հրատ. «Les Belles lettres», 2018, 448 էջ
 
Գ. եւ վերջին մաս
7-րդ գլուխ (էջ 137-160). Կարպատների արեւելքում Հայերի հաստատուելու օրրաններից էր Մոլդովան, որը չլինելով առանձին ինքնիշխան պետութիւն եւ մշտապէս գտնուելով տարբեր կայսրութիւնների իշխանութեան տակ` մշտապէս փոփոխական սահմաններ ունէր: Այժմեան Ռումինիայի տարածք Հայերը մուտք էին գործում հիւսիսից` Գալիցիայի եւ Վոլինիայի վրայով եւ «Օլախաց երկիրը» Հայերի համար կեցութեան խարիսխներից մէկն էր: Ըստ Սիմէոն Լեհացու, Անին լքելով Հայերը գաղթում էին դէպի Կաֆա եւ «Ախքերման» (այժմեան Բելգորոդ Դնիեստրովսկի): Այստեղ Հայերի ներկայութիւնը փաստւում է դեռեւս ԺԵ. դարից: Յատուկ ուշադրութեամբ է հեղինակն անդրադառնում այս գաղթօջախների հայ բնակչութեանը իշխանութիւնների կողմից տրուած տարբեր արտօնութիւններին, յատկապէս առեւտրի, ինչպէս նաեւ կրօնական գործունէութեան վերաբերեալ: Այս տարածքում Հայերը կարողանում են բազմաթիւ վանքեր ու եկեղեցիներ կառուցել, որոնցից նշանաւոր են Հայոց պատմական կենտրոն հանդիսացող Սուչաւայի երկու մեծ եկեղեցական համալիրները` Զամկան (ԺԵ. դա՞ր) եւ Հաճկատարը (1512 թ.՞): ԺԷ. դարասկզբին այստեղ, ըստ Սիմէոն Լեհացու, շուրջ 400 հայ ընտանիք էր բնակւում: Բուկովինայի այս քաղաքը Մոլդովայի մայրաքաղաքն էր եւ միակն էր որ ունէր Հայոց քաղաքապետարան: Յետագայում մայրաքաղաքը փոխադրուեց Եասի, որտեղ եւս հայ բնակչութիւն կար` շուրջ 200 ընտանիք:
Արեւելակարպատեան Հայութեանը նուիրուած 8-10 գլուխները (էջ 161-194) հեղինակը վերնագրել է «Հայոց հալածանքները Մոլդովայում ԺԵ.-ԺԶ.դարերում», «Մոլդովայի հայ վոյվոդները 1572-1577» եւ «Մոլդովայի հայերէն ձեռագրերը ԺԶ.-ԺԷ. դդ.»։ Ա. Մութաֆեանի կարծիքով Մոլդովայում ապաստանած հայ վաճառականները իրենց եկամտաբեր գործարքներով յաճախ առաջ էին բերում տեղի բնակչութեան եւ զանազան ցեղային փոքրամասնութիւնների նախանձը, որոնք այս կամ այն առիթով ուղղակի հալածանքների էին ենթարկում Հայերին` կողոպտելով եւ այրելով նրանց ունեցուածքը: Սրան գումարւում էր նաեւ դաւանական տարբերութիւնը: Հեղինակը լուսաբանում է «Կամենիցի ժամանակագրութեան», Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեանի, Մինաս Թոխաթեցու, Յակոբ Թոխաթեցու եւ այլ հեղինակների աշխատանքները, որոնք բազմաթիւ էջեր են յատկացրել այս հալածանքներին: Ա. Մութաֆեանը հանգամանօրէն անդրադառնում է ԺԶ.-ԺԷ. դդ. Մոլդովայում գրուած ձեռագրերին եւ մանրանկարչական դպրոցին: Սուչաւայի ձեռագրական դպրոցը սկիզբ է առնում դեռեւս 1500-ական թուականներից: Առանձին անդրադարձ կայ Ղազար Բաբերդացու ստեղծած մանրանկարչական արուեստին: Խօսւում է նաեւ Սարգիս Պիծակի երկու մանրանկարների մասին (ԺԴ. դ.), որոնք ԺԷ. դ. հասել են Սուչաւա, ապա անցել Տրանսիլվանիա: Այժմ դրանք պահւում են Կլուժի արխիւում: 
11-12-րդ գլուխներում (էջ 195-206) Կարպատեան Եւրոպայի կաթոլիկացման խնդիրների ու Լեհաստանի եւ Ուկրաինայի Հայոց մասին խօսելիս, Ա.Մութաֆեանը դիւանական նիւթերի եւ մեծածաւալ կրօնա-դաւանաբանական գրականութեան հիման վրայ անդրադառնում է նաեւ տարածաշրջանում հաստատուած հայկական համայնքների կաթոլիկացման հարցին (հայ-կաթողիկէ փոխյարաբերութիւններին, Ղրիմում կաթողիկէ քարոզչութեանը,Լեհահայերի «Բռնի միութեան», Դաւիթ, Մելքիսեդեկ, Փիլիպպոս, Մովսէս եւ Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսների, ինչպէս նաեւ ժողովրդական խաւերի մղած պայքարին։ Լվովից յետոյ «հերձուածող» Հայերի ամրոցներից էին Եազլովեցն ու Կամենեցը, որոնք լրջօրէն դիմադրեցին կաթողիկէ հոգեւորսութեանը: Լեհահայերի վերջնական կաթոլիկացումն արձանագրուել է 1689 թ. Հոկտեմբերի 10-ի Լվովի Սինոդի որոշմամբ: Սակայն ըստ Մութաֆեանի՝ այս կրօնափոխութիւնը միանգամից չկտրեց Լեհահայութեան կապը Մայր Հայրենիքի հետ: Նրանք դեռ երկար ժամանակ օգտագործում էին իրենց լեզուն, ապրում իրենց աւանդոյթներով: Նրանք ժամանակի ընթացքում կորցրին իրենց ազգային դէմքը, պատճառն ըստ հեղինակի հարկ է փնտռել տնտեսական գաղթերի, ինչպէս նաեւ ԺԸ. դ. Լեհաստանի իրար յաջորդող մասնատման գործընթացների մէջ:
2-րդ Համաշխարհային պատերազմը Լեհաստանին մեծ հարուածներ հասցրեց. Գալիցիան, Վոլինիան եւ Պոդոլիան տարագրութեան մատնուեցին եւ դատարկուեցին, ապա միացուեցին Ուկրաինային: Հայ բնակչութիւնը իր վրայ կրեց պատերազմական բոլոր արհաւիրքները, շատ բնակավայրերում անխնայ ոչնչացուեց։ Ի մեծի մասամբ ցիր ու ցան եղաւ նաեւ Հայոց մշակութային հսկայ ժառանգութիւնը. հասկանալի պատճառներով Մութաֆեանը նախանձախնդրութեամբ անդրադառնում է նաեւ «Սկեւռայի աւետարանի» (1198 թ.) պատմութեանը, որը արտագրուած եւ նկարազարդուած լինելով Կիլիկիայում` Լեւոն Ա. արքայի թագադրութեան առիթով, համարւում է նաեւ «Թագադրութեան աւետարան»` ի պատիւ Կիլիկիոյ թագաւորութեան հաստատման: Այն յայտնի էր նաեւ «Լվովի աւետարան» անունով: 1422 թ. յիշատակարանները աւետարանի մասին յիշում են Լեհաստանում, իսկ 1592-ին` Լվովում: 1945-ից յետոյ կրկին նրա հետքը կորչում է` մինչեւ 1985 թ.` ապա յայտնաբերւում Կրակովի մօտ գտնուող գիւղերից մէկում` մինչեւ 1993-ին նրա հանգրուանելը Լեհաստանի Ազգային գրադարանում: Համարւում է Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու սեփականութիւնը: Նման ճակատագրի արժանացաւ նաեւ Սիմէոն Լեհացու Ուղեգրութեան բնագիրը։
 
13-14-րդ գլուխները (էջ 235-304) նուիրուած են Տրանսիլվանիայում հայ համայնքների հաստատմանը եւ Տրանսիլվանիայի երկու հայաքաղաքների պատմութեանը:
1600 թ. Տրանսիլվանիայի իշխանութիւնների կողմից առեւտրի ազատականացումը բաւական աշխուժացրեց յոյն, դալմաթին, վալաքիացի ու հայ վաճառականների գործունէութիւնն այս երկրամասում: Բազմաթիւ են Տրանսիլվանիայում ԺԷ. դարից առաջ Հայերի ներկայութեան մասին վկայութիւնները: Սակայն միայն ԺԷ. դ. սկսած կարելի է լրջօրէն խօսել հայկական համայնքի մասին այս երկրամասում։
Լեհաստանում բռնի կաթոլիկացումը, ինչպէս նաեւ Մոլդովայում քաղաքական իրադրութեան սրուածութիւնը իրականում մեծ ազդեցութիւն էին գործում տնտեսական իրավիճակի վրայ եւ ստիպում էին Հայերին յաղթահարել կարպատեան բարձունքները դէպի Հունգարիա-Տրանսիլվանիա գաղթելու նպատակով: Մա՛նաւանդ, որ Տրանսիլվանիայի իշխան Միքայէլ Ապաֆի Ա.ը գրկաբաց ընդունեց նրանց, տեղաւորեց տարբեր քաղաքներում(Գէորգեսենտմիկլոշ/Բեստերցէ, Շչիկսեպվիզ/Ֆրումոազա) եւ 1680-ին նաեւ արտօնութիւններ շնորհեց: 
ԺԹ. դարի սկզբին Տրանսիլվանիայի Հայութեան թիւը 10.000 էր. Գէորգենիում` 700, Ֆրումոազայում` 214, Դումբրաւենիում` 2.100 եւ Գեռլայում` 3.600: 
Հեղինակը մանրամասնօրէն անդրադառնում է Տրանսիլվանիայում ինքնավարութեան կարգավիճակ ունեցած երկու քաղաքների՝ Հայաքաղաք, (Արմէնիերշտադտ, Նիւշլոսս, Սամոշոյվար, Էօրմենիվարոշ, Գեռլա, հիմնուած 1700 թ.) եւ Էբեշֆալուայի (կամ Բաշբալով, Եղիսաբէթուպոլիս,Էրժեբէթվարոշ) բնակավայրերի Հայոց պատմութեանն ու թողած մշակութային ժառանգութեանը: 
 
 «Տրանսիլվանիայի Հայերը կաթոլիկացումից յետոյ» ենթագլխում Մութաֆեանը բաւական հանգամանօրէն անդրադառնում է այն փաստին, որ երբ1791 թ. «Հայաքաղաքները» պաշտօնապէս համարուեցին Հունգարիայի քաղաքական միաւոր, կաթոլիկացումը հեշտացրեց նրանց համարկումը,սակայն միաժամանակ խորթացրեց նրանց իրենց մայրենիից եւ ազգային մշակոյթից: Այսօր հայկական եկեղեցիներ (բնականաբար կաթոլիկ) կան Գէորգենիում, Ֆրումոազայում, Դումբրաւենիում եւ Գեռլայում: Հունգար ազգի կողքին լինելով 1848 թ. Յեղափոխութեան ընթացքում՝ առաւել եւս մօտեցրեց նրանց այս ազգին: Հունգարացման գործընթացը շեշտակիօրէն աճեց ԺԹ. դ. կէսերին, երբ հայերէնն ամբողջովին վերացաւ ծագումով Հայերի բառապաշարից: 
Առաջին Համաշխարհային պատերազմի արդիւնքում 1919 թ. պայմանագրով Տրանսիլվանիան, ինչպէս նաեւ հիւսիսային Բուկովինան եւ Բեսարաբիան մտան Ռումինիայի կազմի մէջ: Այս իրավիճակն աւելի մերձեցրեց Հայերին Հունգարների հետ` քանի որ երկուսն էլ համարւում էին ազգային փոքրամասնութիւններ Ռումինիայի կազմում: Իսկ Տրանսիլվանահայերը, որոնց լեզուն այլեւս հունգարերէնն էր, առաւելապէս Հունգարացի էին իրենց զգում քան Ռումինացի: Այսօր Գեռլայի կաթոլիկ եկեղեցում Ս. պատարագը մատուցւում է ո՛չ հայերէն (մոռացուած լեզու), ո՛չ ռումիներէն(պաշտօնական լեզու), երգչախումբը երգում է հունգարերէն տառադարձուած հայերէնով:
 
Հայերը Կարպատների արեւելքում եւ հարաւում վերտառութեամբ 15-րդ գլխում (էջ 305-396), հեղինակի ժամանակագրական պատմագիտական ակնարկները հիմնականում վերաբերում են Ռումինահայոց պատմութեանն ու մշակութային հսկայական ժառանգութեանը։
 
Մութաֆեանի աշխատութիւնը եզրափակւում է Մինաս Եւդոկացու եւ Յակոբ Թոխաթեցու Օլախաց երկրի Հայոց մասին «Ողբի» ֆրանսերէն թարգմանութիւններով եւ գիտական բարձրարժէք ծանօթագրութիւններով՝ կատարուած համապատասխանաբար ֆրանսահայ հայագէտներ Գեղամ Գեւոնեանի եւ Ագնէս Ուզունեանի կողմից։ Հարկ է նաեւ ըստ արժանւոյն գնահատել հատորում վերջինիս կողմից գրաբարեան տեքստերի թարգմանութեան եւ տառադարձման աշխատանքները։
 
Արմէն Մութաֆեանի աշխատութիւնը օժտուած է ծանօթագրութիւններով, աղբիւրների եւ գրականութեան, տեղանունների եւ անձնանունների ցանկերով։ Հեղինակի կազմած տարածաշրջանի պատմական մօտ երկու տասնեակի հասնող հրաշալի քարտէզները բարձր մակարդակով իրականացուել են քաջածանօթ քարտէզագիր Էրիկ Վան Լովի կողմից։ 
 
Պրոֆ. Մութաֆեանի «Ասք Հայոց մասին՝ Արարատից Կարպատներ» աշխատութիւնն ունի հանրագիտարանային նշանակութիւն Արեւելեան Եւրոպայի ու յարակից տարածքների Հայութեան թողած մշակութային արժէքների յայտնաբերման ու մանրակրկիտ ցանկագրման ուղղութեամբ եւ թանկարժէք նուէր է հայագէտներին։ Այդ առումով աշխատութիւնն իրենից ներկայացնում է նաեւ երկու աշխարհաւեր պատերազմների հետեւանքով հայկական համայքների կրած մարդկային ու նիւթական մշակոյթի յուշարձանների կորուստների պատմութիւնը։

Էլիզապէթ Թաճիրեան
«Նոր Յառաջ»
(Շար. 3 եւ վերջ)