Գրախօսական. Գլօտ-Արմէն Մութաֆեան
«La saga des Arméniens de l'Ararat aux Carpates»
Փարիզ, Հրատ. «Les Belles lettres», 2018, 448 էջ
Բ.
Հայերի մուտքը Հունգարիա Մութաֆեանը կապում է Հունգարացիների քրիստոնէացման եւ խաչակրաց արշաւանքներին մասնակցելու հետ, որոնց հետ գուցէ եւ որոշ թուով Հայեր են հասել այս երկրամաս: Նա, հետեւելով հունգար հայագէտ Էդմոնդ Շիւցին, անդրադառնում է Կիլիկիայի Զաբէլ արքայադստեր հնարաւոր, բայց այդպէս էլ չկայացած ամուսնութեանը Հունգարիայի արքայ Անդրէ 2-րդի որդու հետ: Ամէն դէպքում առաջին հայկական համայնքի առկայութիւնը Հունգարիայում թուագրւում է 13-րդ դ. կէսերին` Հունգարիայի նախկին մայրաքաղաք Էստերգոմում: Եզրակացութեան հիմքը 1243 թ. Մարտի 31-ով թուագրուած Բելա Դ.ի արտօնագիրն է՝ տրուած տեղի հայ համայնքին (Հունգարիայի պետական դիւանում պահուող այս հրամանագրի լուսանկարը տե՛ս. էջ 33)։ Արքայական հրամանագրերով նրանց յատուկ հողատարածքներ յատկացնելը եւ որոշ արտօնութիւններով օժտելը արդէն վկայում է հայ համայնքի ստուարաթիւ լինելու մասին: Նշենք, որ այս հարցի վերաբերեալ Մութաֆեանը հատորին է կցել համարեա ողջ փաստա-վաւերագրական նիւթը: Այստեղ Հայերի ներկայութիւնը կարող է բացատրուել ամենատարբեր պատճառներով` քաղաքական, տնտեսական, կրօնական, սակայն նրանք երկար չմնացին այս երկրամասում եւ մայրաքաղաքի Բուդա տեղափոխուելուց յետոյ նրանք գաղթել էին կա՛մ դէպի Լվով, կա՛մ Տրանսիլվանիա:
Երրորդ գլխում, (էջ 35-44) վերնագրուած «Անիի լեգենդը», Ա. Մութաֆեանը լրջօրէն քննարկում է արեւելաեւրոպական հայ գաղթավայրերի առաջացումը Անիի կործանման հետ կապելու հարցը։ Նա, հիմնուելով ժամանակի զանազան հայկական (Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արեւելցի, Սամուէլ Անեցի եւ այլն) եւ օտար աղբիւրներում փաստերի ու վկայութիւնների բացակայութեան վրայ, հիմնականում մերժում է այդ վարկածը, որ առաջ էր քաշուել ԺԹ. դարում Հ. Մինաս Բժշկեանի կողմից:
Չորրորդ՝ Ղրիմի Հայութեան պատմութեանը նուիրուած գլխում (էջ 45-76), հեղինակը, նկատելով, որ որոշ գիտնականներ Հայերի առկայութիւնը Ղրիմում հասցնում են մինչեւ հեռաւոր Ը. դարը, գտնում է, որ համայնքի ձեւաւորման մասին, լրջօրէն կարելի է խօսել ԺԳ-ԺԴ դարերից սկսած: Դէպի Ղրիմ Հայերի գաղթը հեղինակը նկատում է նաեւ Մեծ Հայքից` «…եւ ոչ միայն Անիից»: Մութաֆեանը բերում է յիշատակարանների վկայութիւնները Տայքից եւ Բարձր Հայքից տեղի ունեցած տեղաշարժերին (էջ 49): Հայաստանից դէպի Ղրիմ գաղթի մի այլ ճանապարհ եւս նշւում է` Վոլգայի վրայ գտնուող մոնղոլական մայրաքաղաքի` Սարայի վրայով: Հեղինակը համոզուած է, որ Ոսկէ Հորդայի իսլամացումը չէ, որ Հայերին ստիպեց լքելու Սարայը եւ հաստատուելու այլ երկրամասերում: Տնտեսական, առեւտրական շահերից ելնելով էլ հնարաւոր էր այս տեղաշարժը:
Մութաֆեանն իրաւացիօրէն նշում է, որ Ղրիմ են գաղթել նաեւ Հայկական Կիլիկիայից: Այստեղ մեծ դեր է խաղացել Կիլիկիայի իշխանութիւնների` Ջենովացիների հետ ունեցած քաղաքական եւ տնտեսական լայն համագործակցութիւնը: Աւելորդ չէ նշել, որ Ղրիմի հարաւարեւելեան ափերը ԺԳ. դարի վերջերից պատկանում էին Ջենովացիներին: Կիլիկեցիները Ղրիմ կարող էին հասնել թէ՛ ծովային, թէ՛ ցամաքային ճանապարհով:
Հեղինակը Ղրիմի հայ գաղթօջախի կազմաւորման ժողովրդագրական պատկերը բացայայտելու համար հատորում զետեղել է բազմաթիւ յիշատակարաններ (յաճախ ձեռագրերը սկսել են գրուել Կիլիկիայում, աւարտուել են Կաֆայում, Մոլդովայում կամ Լեհաստանում), անդրադառնալով օտար աղբիւրների համապատասխան տեղեկութիւններին եւ վիմագրական վկայութիւններին: Հեղինակը չի շրջանցում նաեւ Հայերի եւ միւս ազգային փոքրամասնութիւնների միջեւ ինչպէս մշակութային այնպէս էլ լեզուական յարաբերութիւնները:
Յաջորդ ենթագլուխներում Մութաֆեանը հանգամանօրէն անդրադառնում է Ղրիմում Հայերի հիմնած կամ հոծ հայկական բնակչութիւն ունեցող այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Սուրխաթը, Կաֆան (Թէոդոսիա) եւ այլն:
Հեղինակը հանգամանօրէն անդրադառնում է Ս. Խաչ եկեղեցական համալիրի (հիմն. 1358 թ.) նշանակութեանը եւ Ղրիմի տարածքում սփռուած շուրջ 30 հայկական եկեղեցիներին, որոնք հիմնականում Էջմիածնի իրաւասութեան ներքոյ էին, նրանց ճարտարապետութեանը:
Յատուկ ենթագլուխ է նուիրուած Ղրիմի ձեռագրական ու մանրանկարչական դպրոցին, յայտնի ձեռագրերին եւ մանրանկարչութեան գոհարներին: Բացառութիւն չեն նաեւ այնպիսի ձեռագրերի մասին յատուկ անդրադարձը, ինչպիսին է օրինակ հրաշագեղ «Բոլոնիայի Աստուածաշունչը», որ սկսել է գրուել (1368 թ.) Իտալիայում եւ աւարտուել Ղրիմում (1660 թ.): Հարուստ է նաեւ «Այվազովսկին Ղրիմում» ենթագլուխը` ինչպէս Յովհ. Այվազովսկու գործունէութեան լուսաբանմամբ, այնպէս էլ նրա որոշ նկարների վերատպութեամբ:
1475 թ. Ղրիմը Թուրքերի կողմից գրաւելուց յետոյ, չնայած քաղաքական ցնցումներին, հայ համայնքը շարունակել է գոյատեւել, աւելին զարգանալ տնտեսապէս: 1783 թուից Ղրիմն արդէն ռուսական իշխանութեան տակ էր:
5-րդ գլխում (էջ 77-130) ստուար էջեր են նուիրուած Լեհաստանում եւ Ուկրաինայում Հայերի հաստատման պատմութեանը: Աղբիւրների վկայմամբ ԺԴ. դարի կէսերից, Թուրքերի ձեռքն անցած Ղրիմից Հայերի մի մասը փորձում է գաղթել հիւսիս` դէպի քրիստոնեայ պետութիւններ` ներկայիս Արեւմտեան Ուկրաինա եւ այժմեան Լեհաստանի տարածքներ: Ղրիմից գաղթելու հիմնական ճանապարհները Դնեպրի եւ Դնեստրի հովիտներն էին: Չնայած դրան, հայ բնակչութեան մի ստուար հատուած, ըստ Մութաֆեանի, շարունակեց գոյատեւել Ղրիմում դեռ երկար դարեր (հեղինակն այս պատմական խօսոյթը (discours) ուղեկցում է մանրամասն քարտէզներով, կաթողիկոսական հրովարտակների եւ ձեռագրերի յիշատակարանների վերարտադրմամբ): Այս փաստաթղթերի հիման վրայ, հեղինակը եզրակացնում է, որ ԺԴ. դ. վերջին Հայերը Վոլինիա-Գալիցիայից իջել են դէպի Մոլդովա. սա այժմեան Ռումինիայի սահմաններին մօտենալու հիւսիսային ճանապարհն էր, որը չէր գալիս անմիջապէս Հայաստանից:
Եթէ չանդրադառնանք այն հազուադէպ փաստերին, որոնք նշում են Հայերի ներկայութեան մասին Կիեւում, ապա այս մայրաքաղաքում հայկական համայնքի մասին կարելի է խօսել միայն ԺԴ. դարից, երբ յիշւում է Լվովին ենթակայ եկեղեցական ծուխ: ԺԵ. դ. այստեղ եղել է եպիսկոպոսանիստ աթոռ, իսկ Ս. Սոֆիայի տաճարում հայկական ծիսակարգով պատարագներ են մատուցուել: ԺԶ.-ԺԷ. դարերից մնացած արձանագրութիւններում եւ որմնանկարներում Կիեւը ղփչաղերէնով կոչւում էր Մանքերման:
Ա. Մութաֆեանը, համաձայնուելով հայ կաթողիկէ հոգեւորական եւ մատենագիր Ստեփանոս Ռոշքայի վարկածի հետ եւ յենուելով կաթողիկոսական կոնդակների վրայ, վստահ է, որ Կաֆայի Հայերի մի մասը, Թուրքերի կողմից գրաւելուց յետոյ, գաղթել է դէպի Կիեւ՝ որտեղից էլ անցել է Լեհաստան` հաստատուելու նպատակով. նախ Լվով, Լուցկ եւ Վլադիմիր քաղաքները, ապա Գալիցիա եւ Վոլինիա, ապա նաեւ Կամենեց-Պոդոլսկ, Սիրեթ եւ Սուչաւա: Եթէ նկատի առնենք, որ Լվովի եւ Կամենիցի հոյակերտ եկեղեցիների մեկենասները Ղրիմահայերն էին, ուստի, վստահաբար, պէտք է հաշուի նստել թերակղզուց սկսուած գաղթի հետ: Փաստօրէն երկու ճանապարհ է եղել Դնեստրի եւ Դնեպրի հովիտներով: Առաջինը` Կաֆայից ուղիղ դէպի Աքերման, որը յետոյ բարձրանում է դէպի Դնեստրի հոսանքը: Իսկ Ռոշքան Ղրիմից գաղթը նկարագրում է դէպի Դնեպրի գետաբերանը, ապա հովտով դէպի Կիեւ, որտեղից էլ` Վոլինիա եւ Գալիցիա:
Միջնադարեան Լեհաստանը, յատկապէս նրա, այժմեան Արեւմտեան Ուկրաինայի տարածքում գտնուող գաւառները Հայերի համար դարձան Արեւելեան Եւրոպայի ամենակարեւոր հանգրուան-գաղթօջախները: Դաւանական տեսանկիւնից, նոյնիսկ եթէ նախկին ժամանակներից մնացած կաթոլիկ Հայեր էլ կային այնտեղ, ներգաղթեալների մեծամասնութիւնը մինչեւ ԺԷ. դ. կէսերը մնաց լուսաւորչական: Կաթողիկոսական կոնդակների հիման վրայ Մութաֆեանը, ինչպէս նաեւ այլ պատմաբաններ, վստահօրէն նշում է, որ հայ առաքելական եկեղեցին Լեհաստանում (Գալիցիայում` Լվով, Բելձ, Պոդոլիայում` Կամենից, Եազլովեց, Վոլինիայում` Վլադիմիր, Լուցկ) առկայ էր դեռեւս ԺԴ. դարից առաջ: Սիմէոն Լեհացին Լուցկում ԺԷ. դ. սկզբին արձանագրում է երկու հայ ընտանիք, երբ այնտեղ շուրջ 800 ընտանիքներ են բնակուել` սկսած ԺԴ. դարից: Կար նաեւ քարաշէն եկեղեցի եւ ձեռագրատուն:
Այս տարածաշրջանի հոգեւոր եւ մշակութային ամենանշանակալից կենտրոնը Լվովն էր: Հայոց նշանակալի ներկայութեան մասին այս քաղաքում կարելի է խօսել ԺԴ. դ. կէսերից, երբ Լեհաստանի արքայ Կազիմիր Գ. Մեծը (1333-1370) գրաւեց այս երկրամասը, եւ այն մնաց Լեհաստանի տիրապետութեան տակ մինչեւ նրա առաջին բաժանումը` 1772 թ.: 1356 թ. Կազիմիր Գ. սահմանեց ոչ լեհ ազգութիւնների իրաւունքները եւ Հայերը «Մագդեբուրգեան օրէնքի» համաձայն զգալի արտօնութիւններ ստացան` մանաւանդ դատա-իրաւական հարցերում ներքին ազգային ինքնավարութեան: Որոշ ժամանակ անց այլ արտօնութիւններ եւս շնորհուեցին Հայերին` առեւտրական յարաբերութիւնների հետ կապուած: Այս արտօնութիւնները ժամանակ առ ժամանակ նորացւում էին (1379 թ., 1380 թ., 1387 թ., 1402 թ., 1415 թ., 1435 թ., 1440 թ., 1519 թ.): Մութաֆեանն իր գրքի էջերում անդրադառնում է համարեա բոլոր հրովարտակներին:
Մինչ ԺԴ. դարի կէսերը Լեհահայերի հոգեւոր կենտրոնը Լուցկն էր, ապա այն փոխադրուեց Լվով: 1363 թ. Ապրիլին արքան պապից «հերձուածողների» համար Լվովում եկեղեցի հիմնելու իրաւասութիւն խնդրեց: Նոյն տարուայ Օգոստոսին երկու Ղրիմահայերի մեկենասութեամբ կատարուեց Ս. Աստուածամօր տաճարի նաւակատիքը, որը կանգուն է մինչ օրս եւ մինչեւ ԺԷ. դ. պատկանում էր Էջմիածնի թեմին: Եկեղեցու ամենահին արձանագրութիւնը թուագրւում է 1527 թ.: Քաղաքի աշխուժ առեւտուրը հիմնականում Հայերի ձեռքին էր: ԺԶ. դ. վերջերից էլ արդէն յայտնի է հայկական դպրոցների առկայութիւնը:
Բազմաթիւ ձեռագրեր են գրուել Լվովում, սակայն ըստ Մութաֆեանի՝ Լվովի ձեռագրատունը սկսել է գործել ԺԶ. դարի կէսերից: Հեղինակը հանգամանօրէն անդրադառնում է տարբեր երկրների գրադարաններում պահուող Լվովի ձեռագրական արուեստի նմուշներին:
Առանձին ենթագլուխ է նուիրուած Լվովի հայկական տպարանին, որը հայ տպագրութեան սկզբնաւորումից ի վեր 4-րդ տպարանն է` Վենետիկից, Կ. Պոլսից եւ Հռոմից յետոյ: Հայ գրքի առաջին տպագրութիւնից յետոյ շուրջ 100 տարի անց, այս հայաշատ կենտրոնում Յովհաննէս Քարմաթանենցը (դիմանկարը առկայ է հատորում) հիմնում է իր տպարանը եւ տեղում պատրաստել տալիս մայրատառերը: Այս տպարանում ընդամէնը երեք գիրք է հրատարակւում` «Դաւթի սաղմոսները» (1616 թ.), Բժշկարան եւ հայատառ ղփչաղերէն մի Աղօթագիրք (1618 թ.): Սա առաջին եւ վերջին հայկական տպարանն էր Լեհահայութեան պատմութեան ընթացքում:
Հայաբնակ խոշոր համայնքներ էին կենտրոնացած Կամենեց Պոդոլսկում, Եազլովեցում, Սնեատինում (Բուկովինա), Սիմէոն Լեհացու հայրենի քաղաքում՝ Զամոշչում:
Ի դէպ, հատորում ներառուած են այս եւ շատ ուրիշ եկեղեցիների (այդ թւում նաեւ խոնարհուած) տարբեր տարիների լուսանկարները եւ նկարիչների կողմից արուած նկարներն ու փորագրապատկերները: Այս վերարտադրութիւնների բազմազանութիւնը Մութաֆեանը պարտական է հայկական մշակութային արժէքների հաւաքիչ Մ. Փաբուճեանի, լուսանկարիչ Հրայր Հաւք Բազէի եւ այլոց տրամադրած նիւթերին, ինչպէս նաեւ եւ մա՛նաւանդ իր անձնական հանգամանալից պրպտումների արդիւնքներին: Տպաւորիչ են հայաշատ հին քաղաքների՝ Լվովի, Կամենիցի, Եազլովեցի, Զամոշչի հետաքրքիր մանրակերտները՝ Ռուբէն Աթոյեանի վերականգնութեամբ:
Գրքի 6-րդ գլուխը (էջ 131-135), որ ամենափոքրն է ծաւալով (կարծում ենք աւելի ճիշտ կը լինէր այն ընդգրկուէր նախորդ գլխում որպէս ենթագլուխ) անդրադառնում է հայ-ղփչաղերէն լեզուին, որ տարածաշրջանի լեզուներից մէկն էր եւ որն անկախ ազգութիւնից, գործածական էր Արալեան ծովից սկսած մինչեւ Արեւելեան Եւրոպայի համարեա բոլոր ժողովուրդների մօտ: Թուրքական լեզուին շատ մօտ, ձեւաւորուելով հիմնականում Լվովում եւ Կամենիցում, սկզբում բանաւոր գործածութիւն ունէր, ԺԵ.-ԺԷ. դդ. տարածուելով Կարպատեան Եւրոպայի եւ Ղրիմի հայկական համայնքներում, ունեցաւ նաեւ գրաւոր կիրառութիւն: Մեր գրականութեան մէջ հայատառ ղփչաղերէնով բազմաթիւ ձեռագրեր են պահպանուել: Դրանք Հայոց կողմից եւ Հայոց համար ստեղծուած կարեւոր ժամանակագրութիւններ են, իրաւաբանական ակտեր, վաճառականական հաշուեմատեաններ եւ այլն, որոնցից մի քանիսին Մութաֆեանն անդրադառնում է իր հատորում: Վերջին տասնամեակներում գիտական շրջանակներում սկսեց տարածուել «հայ-ղփչաղներ» եզրը (այս «տեսակէտի» ջատագովներից մէկի աշխատութիւնները տե՛ս. Ալեքսանդր Գարկավեց, Ղփչաղական գրաւոր ժառանգութիւն. Հատոր. I., Յուշարձանների ձեռագրացուցակ եւ տեքստեր, Ալմաթի, 2002, 1084 էջ։ Հատոր II. Կարաիմների, Կուման-պոլովցիների եւ Հայ-ղփչաղների հոգեւոր մշակոյթի յուշարձաններ, Ալմաթի, 2007, 912 էջ։ Հատոր III. Ղփչաղական բառարան. Ըստ ԺԶ.-ԺԷ. դարերի հայագիր յուշարձանների, Ալմաթի, Кыпчакский словарь: 2010, 1802 էջ (ռուս.)։ (էլ-տարբերակը տե՛ս. http://www.qypchaq.unesco.kz/Memorials-En.htm), որի համապարփակ հերքմամբ հանդէս եկաւ ուկրաինացի պրոֆ. Եարոսլաւ Դաշկեւիչը (տե՛ս. Եարոսլաւ Դաշկեւիչ, Ովքե՞ր են «Հայ-ղփչաղները». ԺԶ.-ԺԷ. դդ. հայատառ-ղփչաղերէն ձեռագիր ստեղծողների ազգութեան մասին («Բանբեր մատենադարանի», 1994, թիւ 16, էջ 58-110 (ռուսերէն)։
Էլիզապէթ Թաճիրեան
«Նոր Յառաջ»
(Շար. 1)
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել