Գրախօսական. Գլօտ-Արմէն Մութաֆեան
«La saga des Arméniens de l'Ararat aux Carpates»
Փարիզ, Հրատ. «Les Belles lettres», 2018, 448 էջ
Ա.
«… եւ թէ հաշուես Պուղտանայ մինչեւ Ստամպոլ,
պութուն Ուռումէլին մինչ ի մեծի Վանատիկ,
նա չկայ քաղաք, գեղ, կամ չֆթլիկ, որ հայ չկենայ.
որ մասն ծովացեալ մեղաց մերոց…»
(Սիմէոն Լեհացի)
2018 թ. ֆրանսիական «Les Belles lettres» հրատարակչութեան կողմից լոյս ընծայուեց հանրածանօթ Գլօտ-Արմէն Մութաֆեանի հերթական կոթողային աշխատութիւնը՝ «Ասք Հայոց մասին՝ Արարատից Կարպատներ» (« La saga des Arméniens de l'Ararat aux Carpates ») վերնագրով։ Այս մեծածաւալ, բարձրարժէք եւ իր վաւերագրական նիւթերով, քարտէզներով ու նկարներով բացառիկ հատորը հեղինակի վերջին տարիներին կատարած բազմաթիւ գիտական գործուղումների եւ ուսումնասիրութեան արդիւնքն է։ Հատորի հրատարակութեանն իրենց անմիջական աջակցութիւնն են ցուցաբերել ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը, Հայաստանի Պատմութեան թանգարանը, Ռումինիայում ՀՀ դեսպանատունը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնը:
Հեղինակը գտնում է, որ Արեւելեան Եւրոպայում հարկ է տարբերակել երկու տարբեր ճանապարհներով հաստատուած համայնքների (գաղթօջախներ) մակընթացութիւնն ու տեղատւութիւնը: Աշխարհագրական բաժանմամբ` Դանուբի հարաւային կողմում Բիւզանդական` ապա Օսմանեան կայսրութիւններն են դարերի ընթացքում ձեւաւորել Բալկանեան Եւրոպան, իսկ գետի հիւսիսում արդէն Աւստրիական կայսրութիւնն ու Լեհաստանն էին իրենց իշխանութիւնն ու ազդեցութիւնը տարածել:
Մութաֆեանն իր աշխատասիրութիւնն ամբողջապէս նուիրել է Կարպատեան Եւրոպայում ձեւաւորուած` յետագայում Ռումինիայի, Մոլդովայի, Արեւմտեան Ուկրաինայի, Լեհաստանի եւ Արեւելեան Հունգարիայի վարչա-քաղաքական սահմաններում հայ համայնքների պատմութեանը` փորձելով պատասխանել հայկական համայնքների` այս երկրամասում հաստատուելու պատճառներին, ժամանակաշրջանին, տեղաշարժի կամ գաղթի ուղիներին, տեղի բնակչութեան հետ առնչութիւններին,հայկական համայնքների ներդրմանը այդ երկրների ընկերային, քաղաքական եւ մշակութային կեանքում:
Կարպատեան Եւրոպայի հայ համայնքների ձեւաւորման հարցում, ըստ Մութաֆեանի, մեծ է Ղրիմի դերը, որտեղից 14-րդ դարում գաղթականութեան մեծ հոսք եղաւ դէպի Գալիցիա եւ Պոդոլիա` ապա Մոլդովա, ուր եւ այնպիսի քաղաքներում, ինչպէս Լվովը,Կամէնէց-Պոդոլսկը, Սուչաւան, Եասին, Դոբրուջան, ձեւաւորուեցին հայկական նշանակալի գաղթօջախներ:
Անշուշտ, դարերի ընթացքում այս տարածաշրջանում տարբեր պետութիւնների ունեցած քաղաքական կշռի ու պետական սահմանների փոփոխութիւններն իրենց ազդեցութիւնն են թողել հայ համայնքների պատմական եւ մշակութային էութեան վրայ: Բնորոշ օրինակ է Տրանսիլվանիայի, գուցէ եւ փոքրաթիւ հայութեան ներկայ վիճակը: Այս երկրամասը դարեր շարունակ գտնուել է Աւստրօ-հունգարական կայսրութեան քաղաքական-մշակութային ազդեցութեան տակ, ուստի պատահական չէ, որ այսօր էլ Գեռլայի (որն այժմ Ռումինիայի տարածքում է) Հայոց կաթողիկէ եկեղեցում հայկական պատարագը կատարւում է հունգարերէն:
Շատ բնական է, որ իր ուսումնասիրութեան ժամանակ Ա. Մութաֆեանը չէր կարող շրջանցել կրօնական կամ դաւանական գործօնը, որը մշտապէս կարեւորուել է միջնադարեան հայ գաղթօջախների պատմութեան քննութեան ընթացքում: Կարպատների արեւելքում տարածուած էր յոյն ուղղափառութիւնը, մինչդեռ Լեհաստանում, Աւստրօ-Հունգարիայում կաթոլիկութիւնը պետական կրօն էր: Հայոց առաքելական եկեղեցին ամէն կերպ աշխատում էր պահպանել իր ինքնուրոյնութիւնը, սակայն հայ համայնքների հոգեւոր պատմութիւնը չէր կարող անմասն մնալ հիւրընկալող պետութիւնների կրօնա-դաւանաբանական, օրէնսդրական քայլերից: Այս է պատճառն, ըստ Մութաֆեանի, որ այն յաճախ տարբեր բնակավայրերում վերակազմաւորման գործընթաց էր ապրում` անցնելով Կարպատեան լեռների մի կողմից միւսը (Մոլդովա –Լվով – Տրանսիլվանիա – կրկին Մոլդովա եւ այլն):
Ռումինիայի կողմից, 1918 թ., Տրանսիլվանիայի գրաւումից եւ տարածաշրջանում համայնավար կարգերի հաստատումից յետոյ,իրադրութիւնը փոխուեց, զգալիօրէն տուժեցին լեզուական ու հաւատքի պահպանման գործօնները, սակայն դա չխանգարեց այս համայնքների պատմութեան ուսումնասիրութեան շարունակականութեանը, եւ այնպիսի հայագէտներ, ինչպիսիք էին Նիկոլայէ Եորգան` Ռումինիայում, Ֆրեդերիկ Մակլերը` Ֆրանսիայում, Էդմունդ Շիւցը` Հունգարիայում, Եարոսլաւ Դաշկեւիչը`Ուկրաինայում եւ Սուրէն Քոլանջեանը` Հայաստանում, այն հասցրին այնպիսի մակարդակի, որը գիտական լուրջ հիմք ստեղծեց յետագայ ուսումնասիրողների համար:
Փաստերի եւ պատմական ժամանակագրական շարադրանքը Արմէն Մութաֆեանը հատորում զուգակցում է քարտէզագրական բարձրամակարդակ լուսաբանումներով, մանրանկարչական, պատկերագրական եւ դիւանական փաստաթղթերի մանրակրկիտ ներկայացմամբ, որոնք արժեւորելով հանդերձ ուսումնասիրութիւնը, ակնառու եւ յիշարժան է դարձնում այն:
Բացառիկ է հեղինակի քրտնաջան աշխատանքը Հայաստանի եւ ուսումնասիրուող տարածաշրջանի տարբեր երկրների մատենադարաններում ու գրադարաններում, արխիւներում, թանգարաններում, եկեղեցական դիւաններում եւ պատկերասրահներում ուսումնասիրուող թեմայի վերաբերեալ նորանոր յայտնաբերումներ անելու ուղղութեամբ։ Ապացոյց՝ նորայայտ բազմաթիւ ու բազմալեզու փաստաթղթեր, նամակներ, ձեռագրերի յիշատակարաններ, որոնք ներկայացուած են ինչպէս իրենց բնագրերով, այնպէս էլ թարգմանութեամբ:
Չպէտք է մոռանալ, որ յիշեալ տարածաշրջանի վրայով անցան երկու համաշխարհային պատերազմներ՝ իրենց թողած բոլոր աղէտալի հետեւանքներով։ Արմէն Մութաֆեանի կողմից կրկին անգամ ճշտուեցին ու ցանկագրուեցին հայկական բոլոր համայքների տեղաբաշխման, նրանց թողած մշակութային արժէքների առկայութեան, նախկին եւ ներկայ գտնուելու վայրերի,տեղափոխութիւնների ու ներկայ սեփականատէրերի վերաբերեալ տեղեկութիւնները։
15 գլուխից բաղկացած հատորը մանրամասնում է տարածաշրջանի հայ համայնքների ձեւաւորման, ինքնավարութեան ձեռքբերման եւ զարգացման ընթացքը ու տնտեսամշակութային պատմութիւնը։
Աշխատութեան առաջին գլխում (էջ 15-20) հեղինակը համառօտ անդրադառնում է երկու հայ ուղեգիրների, որոնք տարբեր ժամանակաշրջաններում լինելով այս տարածաշրջանում, իրենց ուղեգրութիւններում մանրամասնել են հայ համայնքների պատմութիւնը, գաղթօջախների աշխարհագրութիւնը, իրաւական, տնտեսական եւ կրօնա-դաւանաբանական խնդիրներն ու կենցաղը: Սիմէոն Լեհացու (1584-1636) «Ուղեգրութեան» բնագիրը երկար ժամանակ համարւում էր կորած, որպէս Լեհաստանում պահպանուած հայկական ստուար ձեռագրական հաւաքածուի մի մաս, այն անյայտացել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում: Լեհացու ուղեգրութեան մեկնարկային կէտը Լեհաստանն է, ուր եւ վերադառնում է բազմաթիւ երկրներ ճամբորդելուց յետոյ: Նա հանգամանօրէն անդրադառնում է հայ առաքելական եկեղեցու եւ լատին եկեղեցու մէջ առաջացած դաւանական խնդիրներին, լինելով «Բռնի միութեան» դէմ մոլի պայքարողներից մէկը: Ի տարբերութիւն նրա՝ երկրորդ ուղեգիրի՝ մխիթարեան վարդապետ Մինաս Բժշկեանի (1777-1851) հիմնական նպատակն էր այս տարածաշրջանն այցելելը եւ նրա ուսումնասիրութիւնը («Ճանապարհորդութիւն ի Լեհաստան եւ այլ կողմանս բնակեալս ի Հայկազանց սիրելոց ի նախնեաց Անի քաղաքին») շատ աւելի ամբողջական եւ խոր պատկերացում է տալիս Արեւելեան Եւրոպայի եւ Ղրիմի հայ համայնքների պատմութեան եւ նրանց այդ ժամանակաշրջանի վիճակի մասին: Հատորում զետեղուած են դէպի Երուսաղէմ ուխտի մեկնող Սիմէոն Լեհացու «Ուղեգրութեան» Բալկանեան հատուածի սխեմատիկ երթուղու (էջ 17) եւ Մինաս Բժշկեանի Ուղեգրութեան մէջ յիշուած բոլոր հայաբնակ բնակավայրերի քարտէզները (էջ 20), որոնք հրաշալի օգնութիւն են ընթերցողի համար։
Երկրորդ գլուխը (էջ 21-34) նուիրուած է Ե.-ԺԳ. դարերում հայ համայնքների առկայութեանը Բուլղարիայի եւ Հունգարիայի տարածքներում: Հեղինակի կարծիքով, արդէն մօտ 1007 թ. արտագրուած Ադրիանապոլսի (ներկայ` Էդիրնէ) հրաշագեղ Աւետարանի ձեռագիրը վկայում է Թրակիայում եւ յարակից տարածքներում բաւական նշանակալից հայ բնակչութեան գոյութեան մասին: Իսկ 1189-ին Ֆրեդերիկ Շիկամօրուսի կողմից Փիլիպպոպոլիսի (ներկայումս` Պլովդիւ) գրաւման ժամանակ դատարկւում է քաղաքի բնակչութիւնը, բացի Հայերից, որոնք ջերմ ընդունելութիւն են ցոյց տալիս գերման կայսրին:
Ա. Մութաֆեանը Հայերի այս երկրամասում յայտնուելը կապում է դեռեւս Բիւզանդական կայսրութիւնից Հայերի դէպի Դանուբի եւ Եգէական ծովի ափերը տարագրման հետ (Թրակիա, Մակեդոնիա, Բուլղարիա): Պատճառներն ակնյայտ էին` Բիւզանդացիների եւ Բուլղարների դարաւոր թշնամական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ փոքրասիական Բիւզանդիայում զանազան կրօնական աղանդների առկայութիւնը: Բացի այդ, կայսրերը շահագրգռուած էին օգտագործել հայկական զինուժը իրենց սահմաններին՝ վստահելի պաշտպանութեան համար: Իսկ Հայերի հիմնական հոսքը դէպի Եւրոպա կապուած էր Մօրիկ կայսեր (582-602) եւ Պարսկաստանի արքայի պայմանաւորուածութեան հետ, ըստ որի պէտք էր ազատել տարածքները «անհնազանդ»բնակչութիւնից (Սեբէոս): Մօրիկից յետոյ այն շարունակուեց նաեւ Փոկասի օրօք, որն իր հերթին շուրջ 30.000 Հայերի տարագրեց Թրակիա: Չմոռանանք, որ մինչեւ Ը. դարի վերջերը Հայաստանում ծայր էին առել թոնդրակեան եւ պաւլիկեան շարժումները: Ժ.դարի վերջերին, Վասիլ 2-րդ կայսրը եւս իր իշխանութեան տակ գտնուող հոծ հայ բնակչութիւն է գաղթեցնում Մակեդոնիա`Բուլղարներին հակազդելու եւ այս երկրամասը ծաղկեցնելու նպատակով: Ըստ Ասողիկի՝ Բուլղարներին կառավարում էին երկու հայ եղբայրներ, որոնցից աւագը` Սամուէլը Չմշկիկ կայսրի վախճանից յետոյ դառնում է Բուլղարիայի արքայ: Մութաֆեանը մասնակիօրէն կանգ է առնում Բուլղարիայի անկախութեան համար պայքարած այս հայորդու կենսագրութեան վրայ:
Է. Թ.
ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիա,
Պատմութեան ինստիտուտ,
Հայ գաղթօջախների
եւ Սփիւռքի պատմութեան բաժին ■
Էլիզապէթ Թաճիրեան
«Նոր Յառաջ»
(Շար. 1)
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել