image
Հրատապ լուրեր:

«Գարեգին արք. Բեքջյանն տեղապահությունից զրկելով Արամ արք. Աթեշյանը ոչինչ չշահեց» Գուգարաց թ

«Գարեգին արք. Բեքջյանն  տեղապահությունից  զրկելով  Արամ   արք. Աթեշյանը    ոչինչ չշահեց» Գուգարաց թ

Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք.  Չուլջյանն    օրերս  հարցազրոույց  է  տվել Պոլսի   «Ակոս»ին, որտեղ  մասնավորապես   ասել է «Գարեգին արք. Բեքջյանն  տեղապահությունից  զրկելով  Արամ   արք. Աթեշյանը    ոչինչ չշահեց»: Ստորեվ  ամբողջությամբ ներկայացնում ենք  Սրբազան հոր  տված   հարցազրույցը:

Հարց - Սրբազան Հայր,

Դուք անկասկած հետևում եք Պոլսո Հայոց Պատրիարքության շուրջ կատարվող իրադարձություններին: Իբրև հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական և Թուրքիո հայոց Պատրիարքության թեկնածու, ի՞նչ է ձեր կարծիքը այս երևույթների նկատմամբ:

Պատասխան – Ողջ հայ ժողովուրդն է հետևում Պոլսում կատարվող իրադարձություններին: Տարօրինակ ու անտրամաբանական շատ բաներ կատարվեցին անցնող 10 տարիներին և այժմ էլ, այս օրերին ևս, ինչ որ կատարվեց, շատ անսպասելի էր և գրեթե անհասկանալի ու անպատվաբեր մեզ բոլորիս համար: 

Ցավում եմ, որ Թուրքիան, իբրև դեմոկրատական և լայիք սկզբունքներին հավատարիմ պետություն, արդեն 10 տարի սառեցրել է 40-50,000 քրիստոնյա հայ փոքրամասնության՝ իր հոգևոր պետին՝ Պատրիարքին ընտրելու  իրավունքը: Սա վայել չէ 80 միլիոն ազգաբնակչություն ունեցող գերհզոր պետությանը:

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին հաղորդվել են սխալ տեղեկություններ մեր եկեղեցական կարգ ու կանոնի մասին, և իշխանություններն էլ ապակողմնորոշվել են,  այլապես  հիվանդ, բուսական կյանքով ապրող Պատրիարքին գործունյա ճանաչելու անտրամաբանական մի նամակ չէր կարող հրապարակվել:  

Կա նաև տեսանելի մի իրականություն, որ Պոլսո հայ համայնքի մեջ ինչ-ինչ ուժեր, ստանալով պետական չինովնիկների կամ օլիգարխների աջակցությունը, փորձում են իրենց կամքը թելադրել և  շարունակ իրենց ազդեցությունն ու իշխանությունը համայնքին պարտադրել, պառակտիչ գործողություններ ծավալել և արհեստական վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծել:

Սակայն մեր ցավն ենք հայտնում հատկապես Թուրքիո Հայոց Պատրիարքության Բարձրագույն Կրոնական Մարմնի՝ Պատկառելի Կրոնական Ժողովի անսկզբունքային և անարժանապատիվ կեցվածքի համար, որ պետական միջամտության առջև անկարող գտնվեց և չկարողացավ նրանց ճշմարտությունը բացատրել: Հայ համայնքը ակնկալում էր, որ Թուրքիո հայությունը ներկայացնող պատրիարքության բարձրագույն մարմինը պատշաճ բացատրություններով և համապատասխան լուսաբանություններով Թուրքիայի իշխանություններին կարող էր օգնել հասկանալու եկեղեցական կարգ ու կանոնի, ավանդությունների պահպանման կարևորությունը և հայ համայնքի ակնկալություններն ու սպասումները:

Ափսոս, որ իմաստություն և հեռատեսություն  չունեցավ Կրոնական Ժողովը՝ ստանձնելու և բարեհաջող ելք ապահովելու ստեղծված վիճակից: Այդ այսպես կոչված բարձրագույն մարմինը, հակասելով մեկ տարի առաջ իր իսկ կատարած օրինական ընտրությանը, շեղվեց մեր եկեղեցու բազմադարյա ժողովական և ժողովրդական ընտրական սկզբունքներից: Սա վա´տ նախադեպ է և շա´տ վտանգավոր որոգայթ (լարանցում) Պատրիարքական ընտրություններից առաջ՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:

Այսպիսով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական չորրորդ աթոռի Կրոնական Բարձրագույն հոգևոր կառույցի դարավոր հեղինակությանը մեծ ու անդառնալի հարված հասցվեց:

Փաստորեն, Կրոնական Ժողովը՝ մեր երիցագույն ընտրյալ հոգևորականին՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահությունից զրկեց և թող չթվա թե տուժեց Գարեգին Բեքչյանը և ոչ էլ  որևէ մեկը միամտություն չունենա, թե շահեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:  Տուժեց Թուրքիայի վարկանիշը, Պոլսո հայ համայնքի արժանապատվությունը, Պոլսո Աթոռի երբեմնի փառքն ու պատիվը:

9 փետրվար 2018թ. Կրոնական Ժողովի որոշումը ևս մեկ անգամ մեծ հուսախաբության մատնեց ոչ միայն պոլսահայությանը, այլև համայն հայությանը:

Ափսոս, հազար ափսոս, որ Աթոռի շուրջ անցյալից եկող  արատավոր սովորության համաձայն կրկին հայ համայնքը հայտնվեց նույն անցանկալի փոսի մեջ: Սակայն պատմության էջերում եղել են նաև դրական, հույս ներշնչող, համայնքը ոտքի հանող միաբանության վառ օրինակներ. դրանք պետք է լինեն մեր սթափության, զգոնության լուսավոր փարոսը և դեպի առաջ շարժվելու հավատամքը:

 

14 փետրվար 2018թ.