Երգիչ, երգահան, «Արձագանք» խմբի եւ «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից Արտավազդ Բայաթյանը գեղարվեստական գիրք է գրել: «Գիրք ցնցուղ» խորագրով ստեղծագործությունն արդեն վաճառքում է, շուտով շնորհանդեսի միջոցով այն կներկայացվի նաեւ գրասերներին: Ինչպես «Արեւելքին» հայտնեց Արտավազդ Բայաթյանը, գիրքը Ժաննա Նոր անունով դերասանուհու մասին է: Նա, հաղթահարելով կյանքի դժվարություններն ու անհաջողությունները, վերածնվում եւ դառնում է այլ մարդ, ով երկար որոնումներից հետո գտնում է անհնարին թվացողը: Երգիչը տեղեկացրեց, որ հերոսուհու մշտական զրուցակիցները գրքի հեղինակն է ու հորինված մի անձ, որոնց հետ զրույցների միջոցով Ժաննա Նորը պատասխանում է, թվում է թե` պատասխան չունեցող հարցերի: Արտավազդ Բայաթյանն ասում է, որ ընթերցողը նույնպես գրքում կգտնի շատ հարցերի պատասխաններ: Հեղինակը գիրքը նվիրել է իր դստերը` Անիին:
Շուտով Երեւանի Տիկինիկային թատրոնի շենքում կայանալու է նաեւ Արտավազդ Բայաթյանի մենահամերգը: Երգիչը տեղեկացրեց, որ ծրագիրն ամբողջությամբ հեղինակային է: