Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի իր բնակարանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դաշնակահար, մանկավարժ, հասարակական գործիչ և հայ երաժշտության նվիրյալ Շահան Արծրունին։ Ինչպես հաղորդում է Ստամբուլի ԺԱՄԱՆԱԿ-ը, նրա անշունչ մարմինը հայտնաբերվել է բնակարանում, մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։
Շահան Արծրունին (ծնված՝ 1943 թ. հունիսի 8-ին, Ստամբուլում) իր ապրած ժամանակաշրջանի երաժշտական արվեստի իսկական հսկաներից էր։ Ստամբուլի Կեդրոնական վարժարանն ու տեղի կոնսերվատորիան ավարտելուց հետո նա 1964 թվականին Գյուլբենկյան կրթաթոշակով տեղափոխվել է ԱՄՆ՝ կրթությունը շարունակելու Նյու Յորքի հռչակավոր «Juilliard» (Ջուլիարդ) կոնսերվատորիայում։
ԱՄՆ-ում հաստատվելուց հետո Արծրունին արձանագրել է համաշխարհային մեծ հաջողություններ՝ վաստակելով վարպետ դաշնակահարի համբավ։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, համերգներ տվել Սպիտակ տանը, ինչպես նաև Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։
Դաշնակահարն ակտիվորեն համագործակցել է ամերիկյան PBS հեռուստակայանի հետ («Around the World in 82», «Gala of Stars», «A Place of Dreams: Carnegie Hall at 100» հաղորդումներ), ձայնագրվել եվրոպական ռադիոընկերություններում, իսկ նրա կատարումներն ընդգրկված են BBC-ի երաժշտական ֆոնդում։ Նա հեղինակել է շուրջ 24 ձայնասկավառակ։
Բացի համերգային լայն գործունեությունից, Շահան Արծրունին հայտնի էր որպես ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, գրող, պրոդյուսեր և դասախոս։ Նա դասախոսություններով հանդես է եկել Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների վերաբերյալ հատուկ դասախոսությամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում։
Արծրունին գերմարդկային ջանքեր է ներդրել հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգության պահպանման ու տարածման գործում։ Ամերիկահայ նշանավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը կյանքի վերջին տարիներին անձամբ էր խնդրել Արծրունուն ձայնագրել իր երկերը։ Դաշնակահարն ոչ միայն ձայնագրել է դրանք, այլև իր բոլոր համերգներով տարածել է Հովհաննեսի արվեստը։ Անմնացորդ նվիրումով է վերաբերվել նաև իր մորաքրոջ՝ լուսահոգի կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի հիշատակին ու երաժշտական ժառանգությանը։ Նրա եւ Սիրվարդ Գարամանուկի հիշատակին Վանաձորում հիմնադրել է Տարեցների տուն, որի հովանավորն էր։
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տոնակատարությունների շրջանակում ՄԱԿ-ի կողմից Արծրունուն էր վստահվել հատուկ պատասխանատվություն, որը նա իրականացրել էր բարձր մակարդակով։
Շահան Արծրունին մշտապես կանգնած էր հայ նոր սերնդի երաժիշտների կողքին։ Նա կանոնավոր պարբերականությամբ վարպետության դասեր էր անցկացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերում ու քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Բերդ, Աշտարակ, Գորիս, Ստեփանակերտ)։
Նա նաև բարերար էր։ Հանգանակություններով ու աջակցությամբ սատարում էր Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ)՝ վերջինիս հետ համագործակցելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնասկավառակների թողարկման ուղղությամբ։
Շահան Արծրունին նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հովանավորներից մեկն էր։ Անփոխարինելի դերակատարում ուներ Նյու Յորքի և շրջակայքի պոլսահայ համայնքային կյանքում՝ վայելելով հարգանք ու համակրանք։
Ազգային մշակույթին և երաժշտարվեստին մատուցած բացառիկ ծառայությունների համար 1996 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն նրան պարգևատրել է «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանով, իսկ 2015 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Շահան Արծրունին հեռացավ երկրային կյանքից՝ թողնելով անթառամ հիշատակ, հարուստ երաժշտական ժառանգություն և բարի անուն համայն հայության սրտերում։