image

A321-ում տեղադրված ռումբի մասին ԱՄՆ հետախուզության վարկածը հիմնված է ստացված տվյալների վրա

A321-ում տեղադրված ռումբի մասին ԱՄՆ հետախուզության վարկածը հիմնված է ստացված տվյալների վրա

ԱՄՆ հետախուզության վարկածն այն մասին, որ Սինայի թերակղզում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ճյուղը կարող էր ռումբ տեղադրել կործանված ռուսական A321 ինքնաթիռում, մասամբ հիմնված է ստացված տվյալների վրա։ Այդ մասին Associated Press գործակալությանը հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը մեծ հավանականությամբ կարող է լինել պայթուցիկ սարքը։ Նշվում է, որ հետախուզությունը պաշտոնական եզրակացությունների դեռ չի հանգել։

 

«Պաշտոնյան ընդգծել է, որ ստացված տվյալները որոշակի դեր են ունեցել նախնական եզրակացության մեջ այն մասին, որ Սինայում ԻՊ-ի ճյուղավորումը պայթուցիկ սարք է տեղադրել ինքնաթիռում»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:

 

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չի կայացրել ո՛չ Կենտրոնական հետախուզական վարչությունը, ո՛չ այլ ամերիկյան հատուկ ծառայություններ։ Փորձագետներն ուսումնասիրում են ինքնաթիռի կործանման վայրից ստացած տվյալները, այդ թվում և «սև արկղերը», հավելել է նա:

 

Իր հերթին Reuters գործակալությունը հայտնել է, որ եվրոպական հատուկ ծառայություններում աղբյուրները նույնպես հակված են այն վարկածին, որ ռուսական ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել:

 

 

 tert.am