Պատերազմի և տեղահանության հետևանքով փողոցում հայտնված հազարավոր երեխաներ տառապում են մաշկային հիվանդություններից: Սարսափելի է նայել նրանց ախտահարված ու բորոտ դեմքերին, գնդակոծությունից այրված մարմիններին, սակայն հայ բժշկուհի Էլիզ Պողոսյանի համար նրանք սիրելի մարդիկ են, որոնց կարող է օգնություն ցույց տալ և ապրելու հույս ներշնչել պատերազմի հիվանդություններից տառապող հազարավոր փախստականների: Բժշկական գիտությունների թեկնածու Էլիզ Պողոսյանն իր շարժական բժշկական մեքենաներով և բժիշկ-կամավորների թիմով շրջում է Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի սահմանային այն վայրերում, որտեղ տեղահանությունից մարդկային խմբեր են կուտակված՝ զուրկ կյանքի տարրական պայմաններից, ջրից, օճառից, անկողնուց, բժշկական խնամքից: Այդ մարդիկ ճանաչում են Էլիզի ու նրա թիմի շարժական մեքենաները և հերթ են կանգնում՝ բուժվելու և հոգատարության նշույլ ստանալու ակնկալիքով:
Էլիզ Պողոսյանն իր թիմի հետ այդ ամենն անում է անվճար, ինքն էլ գաղթականի թոռ է և շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում տեղահանությունը, աքսորը, պատերազմը, մահը... Նրա տատերի ու պապերի պատմությունը կրկնվում է և՝ զարմանալիորեն այն վայրերում, որտեղ անցյալ դարասկզբին կոտորածներից ու մահից փրկած հազարավոր հայեր ապաստան են գտել:
Էլիզ Պողոսյանին համարում են հրաշագործուհի. նա կյանք է վերադարձնում անշարժացած վերջույթներով ծերերի, նյարդային հիվանդություններով տառապող կանանց ու երեխաների, չինական ասեղնաբուժությամբ և ավանդական մեթոդներով բուժում է այրվածքները: Հայուհին Ֆրանսիայում թողել է իր հարմարավետ կյանքը և Իրաքի ու Սիրիայի պատերազմի սկզբից ուղևորվել Մերձավոր Արևելք, որտեղ մարդիկ բժշկական խնամքի կարիք ունեն: Էլիզին ու իր թիմին օժանդակում են ֆրանսիական բարեսիրական կազմակերպություններ, որոնք բժշկական միջոցներով ապահովում են շարժական խցիկները: Նրանք որոշել են հիվանդանոցներ կառուցել Էրբիլում, Զախույում և մի քանի վայրերում, որտեղ վրանների տակ կամ պարզապես փողոցներում փախստականների մեծ խմբեր են ապրում:
Էլիզ Պողոսյանը՝ փախստական երեխայի հետ
Իրաք, 2016, նոյեմբեր. փախստականները սպասում են բուժօգնության
2016, նոյեմբեր. Էլիզ Պողոսյանի խնամյալներից: Իրաքցի հազարավոր երեխաներ տառապում են մաշկային հիվանդություններից
Բուժօգնություն իրաքյան Զախույում. 2016, նոյեմբեր