Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, սոցիոլոգ Հրաչ Չիլինգիրյանը, «Արեւելքի» խնդրանքով անդրադառնալով հալեպահայ գաղութի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակին, նշեց, որ «Մայր գաղութ» համարված Հալեպը պահելու հայության ճիգերն այսօր այլևս անիմաստ են, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այնտեղ ապրող հայերի փրկությանը: Ըստ Հրաչ Չիլինգիրյանի, այսօր մեծ խնդիր կա, կապված Հայաստան հասնող սիրիահայերի հետ.
«Եթե մարդիկ հասնեն Հայաստան, ո՞վ պիտի նրանց դիմավորի, ո՞ւր պիտի գնան... Հալեպում մնացածների մեծ մասի հիմնական մտահոգությունն այս է: Նույնն է նաև Լիբանանի հայաբնակ շրջաններ տեղափոխվել ցանկացողների դեպքում: Նախընտրելի է, որ այդ մարդիկ իմանան՝ երբ Բեյրութ կամ Երևան հասնեն, ապա մի կուսակցություն կամ մի միություն սպասում է իրենց, բնակավայր է ապահովում գոնե մի ամսվա համար: Շատ մտածել պետք չէ՝ լուծումներ գտնելու համար: Օրինակ, կարելի է դպրոցի սրահ տալ կամ Բեյրութի դեպքում կաթողիկոսարանի բակում ժամանակավոր մի բան մտածել, որ գոնե մարդիկ սկզբից ապահով զգան»,-ասաց Հրաչ Չիլինկիրյանը, ավելացնելով, որ վերջին երկու տարվա ընթացքում պարզվեց, որ մեր կազմակերպություններն ու կուսակցությունները դեռևս պատրաստ չեն միասին աշխատելու: «Ամեն մեկն իր սահմաններ է ճշտել, մյուսի նախաձեռնությանն է սպասում, որ գործի: Ոչ մեկը մյուսին զիջելու տրամադրություն չունի: Իմ կարծիքով, սփյուռքի անկարողությունը կարևոր բացահայտում էր, սփյուռքի կառույցներն ավելի շատ խոսքի կառույցներ են, քան թե՝ կարողության,»-նշեց մեր զրուցակից սփյուռքահայ մտավորականը: Նա նաև օրինակ բերեց, թե ինչպես են այլ երկրներ ընդունում սիրիացի փախստականներին, նրանց սկզբնական շրջանում ապահովության հենարաններ տրամադրելով, որից հետո մարդն արդեն ոտքի է կանգնում: