Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը հայտարարություն է տարածել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ։
«Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են, տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։
Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի և ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ ստեղծված նպաստավոր պահը օգտագործելու և առաջընթաց ապահովելու համար։ Հիմա կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը։
Այս տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական քայլ է դեպի երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։
Կիրառվելուց հետո համաձայնեցված քայլերն ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտության հետևանքով բաժանված հասարակություններին մոտեցնել կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման։
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցելու լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար», – ասված է ԵՄ հայտարարության մեջ։