image

Փեթի Հինդոյանը ծանր հոգեբանական վիճակում է. նրա երկու երեխաները զոհվել են

Փեթի Հինդոյանը ծանր հոգեբանական վիճակում է. նրա երկու երեխաները զոհվել են

Այսօր Հալեպում զինյալների հրթիռակոծություններից վիրավորված Փեթի Հինդոյանը ծանր հոգեբանական վիճակում է. նրա երկու երեխաները՝ 21-ամյա դուստրը և 12-ամյա որդին զոհ են գնացել Հալեպում այսօր տեղի ունեցած ողբերգական հրթիռակոծությանը: Այդ մասին «Արևելքին» տեղեկացրեց նրանց ազգականը, նշելով, որ ընտանիքի անդամները իրենց պատկանող խանութում են եղել, հայրը մի պահ դուրս է եկել, որից հետո  հրթիռն ընկել է խանութի վրա: Նա նաև հայտնեց, որ ընտանիքի մայրը՝ Փեթի Հինդոյանը վզից է վիրավորվել, սակայն նրա կյանքին  վտանգ չի սպառնում: Հալեպահայ կինն ունի ևս մեկ որդի՝ Մովսես Հինդոյանը, որը նույնպես վիրավորների մեջ է: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծության հետևանքով տասնյակ զոհերի թվում նաև չորս հայ է եղել, որոնցից երկուսը նույն ընտանիքից են՝ եղբայր և քույր. 21-ամյա Միրեյ Հինդոյանը մահացել է հիվանդանոցում, իսկ նրա 12-ամյա եղբայրը՝ Արման Հինդոյանը՝ ռմբակոծության պահին: Ինչպես տեղեկացանք, զոհված Միրեյ Հինդոյանը զբաղվում է պրոֆեսիոնալ լողով: Նա Սիրիայի Լողի Ազգային Հավաքականի անդամ է, մրցումների է մասնակցել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Հալեպահայ մյուս զոհերն են Ծիլա Ջաբաղջուրյանն ու  Հասմիկ Կիրակոսյան-Բերեջիքլյանը: Վիրավորների մեջ կան ինչպես թեթև, այնպես էլ՝ ծանր վնասվածքներ ստացածներ:

 

Լուսանկարում՝ Հինդոյանները՝ որդիներից մեկի և դստեր հետ

 

 

Այսօր մահացած Միրեյ և Արման Հինդոյանները