image

Ժողովրդին հարցրե՞լ է, Հայաստանի իշխանությանը հարցրե՞լ է, սփյուռքին հարցրե՞լ է. Օսմանագետը՝ կաթողիկոսի նախաձեռնության մասին

Ժողովրդին հարցրե՞լ է, Հայաստանի իշխանությանը հարցրե՞լ է, սփյուռքին հարցրե՞լ է. Օսմանագետը՝ կաթողիկոսի նախաձեռնության մասին

Օսմանագետ, ԱՄՆ բնակվող պատմաբան Կարո Մոմջյանը «Արևելքի» խնդրանքով մեկնաբանել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան դիմելու քայլը, որով կաթողիկոսը պահանջել է քննել և հայությանը  վերադարձնել Սիսի կաթողիկոսական աթոռը, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Ըստ պատմաբանի, կաթողիկոսի նախաձեռնությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս, որին այսօր ցավոք ոչ ոք՝ ո՛չ իրավաբանները, ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ կուսակցություները ուշադրություն չեն դարձնում:

Կարո Մոմջյանին հաջողվել է  ձեռք բերել ՄԻԵԴ-ից առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված և մերժված փաստաթուղթը և տեսել, որ այնտեղ կալվածքների վերադարձման փոխարեն նաև գումարի չափ է նշված: «Կարծեմ այն ժամանակ  37 միլիոն դոլարի մասին էր խոսվում: Եվ երբ ես բարձրաձայնեցի այս մասին, թե սա կալվածքների վերադարձման դա՞տ է, թե՞ մեկ այլ բան, և  ինձ էլ շատ հարցեր էին ուղղվում այս մասին, հարցից տեղյակ մի քանի հրապարակախոս-լրագրողներ չքմեղանալով ասացին, որ այո՛, հայցի մեջ գումարի չափ կա նշված, քանի որ Թուրքիայի բարձրագույն ատյանին ներկայացվող դիմումներում պետք է պահանջվող կալվածքի գինն էլ գրվի: Այս մասին տեղյակ չէին պահել ոչ մեկին, և ի՞նչ կլիներ արդյոք, եթե Թուրքիան որոշեր գումարը տալ... Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեին՝ հայցը ներկայացնելուց առաջ:

Ինչ վերաբերվում է թուրքական արձագանքին, իհարկե, սպասվում էր, որ պետք է մերժվեր: Իրենք էլ կարծես գիտեին և հենց սկզբից ասում էին, որ եթե մերժվի, ապա այն ՄԻԵԴ է տարվելու, ինչը և անում են:

Չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը այն վայրն է, որտեղ մեկ առաջ  Փերինչեքի դատավարության հարցում հայերս  «շռնդալից պարտություն» կրեցինք, իհարկե, շարունակելով մեծարել հայությունը ներկայացնող փաստաբաններին՝ Ամալ Քլունին ու ինչ-որ  Ռիչարդի»,-իր մեկնաբանությունները ներկայացրեց Կարո Մոմջյանը:  

Ի՞նչ հնարավոր ելքեր կարող է ունենալ  ՄԻԵԴ-ում Սիսի վերադարձման  հայցը հարցին ԱՄՆ բնակվող պատմաբանը պատասխանեց.

«Առաջին, ենթադրենք՝  ՄԻԵԴ-ը դատում է   ի օգուտ հայության և Թուրքիային պարտավորեցնում է վերադարձնել կալվածքը:  Սա անհնար է, քանի որ չես կարող նման բան պարտադրել որևէ ինքիշխան պետության, ինչքան էլ միջազգային  ճանաչված կառույց լինես, լինի դա ՄԻԵԴ-ը, ՄԱԿ-ը կամ նման կշիռ ունեցող մեկ այլ կառույց:  Ինքիշխան պետությունը, իսկ Թուրքիան ինքնիշխան պետություն է, պարտավոր չէ ենթարկվել այլ կազմակերպությունների որոշումների:  

Երկրորդ, ենթադրենք, ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցնում է հայերին վճարել հայցում ներկայացված գումարը: Սա նույնպես պարտություն է, քանի որ հարցը երբեք գումարային չի եղել, դրամ ստանալու հարց չի դրված, չնայած, ինչպես նշեցի, հայցում գումարի չափ կա նշված:

Երրորդ հնարավորությունն այն է, որ ՄԻԵԴ-ը մեր օգտին չդատի: Այս դեպքում արդեն կլինի իսկական պարտություն և նախադեպ կդառնա բոլոր այն անհատ հայերի համար, որոնք իրենց ձեռքի տակ ունեն պապենական կալվածքների փաստաթղթեր և պատրաստվում են Թուրքիայից պահանջել իրենց հողերը՝ անձնական դատական հայցերով դիմելով ՄԻԵԴ: Եթե եկեղեցական իշխանության դատը մերժվի, ապա  անհատների առջև արդեն կփակվի դեպի ՄԻԵԴ տանող ճանապարհը, նկատի առնելով, որ նման հարցով  ավելի մեծ դատ այդ կառույցում արդեն մերժվել է...

Ստացվում է, որ եկեղեցական իշխանությունը, իմանալով, որ մերժվելու է, խոչընդոտում  է նաև այն մարդկանց, որոնք անհատական նախաձեռնություններով կարող էին հանդես  գալ և վերստանալ իրենց պապենական հողերը, որոնք, ըստ որոշ տվյալների, Թուրքիայի հողերի մոտ 30 տոկոսն են կազմում:

Հիմա այստեղ հարց է ծագում՝  կաթողիկոսը հարցրե՞լ է ամբողջ հայությանը նման դատ բացելուց առաջ, սա ամբողջ հայության դա՞տն է, թե՞ մեկ անհատի քմահաճույք: Հայաստանի հանրապետությանը, որն այսօր միջազգային ատյաններում հայությունը ներկայացնող միակ իրավասու կառույցն է, հարցրե՞լ են, սփյուռքի կազմակերպություններին հարցրե՞լ են: Ինչ վճիռ որ ՄԻԵԴ-ը արձակի, բոլորս պիտի ենթարկվե՞նք...  Եթե սփյուռքի կազմակերպություններին չեն հարցրել, նրանցից առաջարկներ չեն ստացել, ենթադրվում է, որ Հայաստանի հանրապետությանն էլ չեն հարցրել, համենայն դեպս, այդպիսի նշում չկա փաստաթղթում»,-ասաց Կարո Մոմջյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության քայլը բնորոշելով իբրև սիրողական: «Սա  մի քայլ է, որը  խաղում է ժողովրդի զգացումների հետ, ժողովուրդը ոգևորվում է, հետո տխրում  և այդ տխրության անունը դնում են բարոյական հաղթանակ: Հոգնել ենք, նման քայլերից  իսկապես արդեն հոգնել ենք: Եթե փոխհատուցման հարց է դրվում, ապա այն ա՛յլ ձևով պետք է արվի»,-ավելացրեց օսմանագետ-պատմաբանը: Նրա կարծիքով, հայցը ՄԻԵԴ մտնելուց առաջ պետք է մասնագիտական լուրջ քննություն անցներ, համաժողովրդական քննարկման դրվեր, ամբողջ հայության հետ համաձայնեցվեր և նոր միայն հայության անունից հայտարարություն կատարվեր, քանի որ, ըստ մեր զրուցակցի, այն ամբողջ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարց է: