Բեռլինի Sofitel Berlin Kurfurstendamm հյուրանոցի համաժողովների սրահում շարունակվում է «ԻրավունքՆերի շուրջ միավորված» (United in Rights) խորագրով համաժողովը, որին մասնակցում են Փոքր Ասիայի ժողովուրդների տասնյակ մտավորական ներկայացուցիչներ: Համաժողովը նվիրված է Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցին: Համաժողովի առաջին օրը ելույթ ունեցան հայկական պատվիրակության ներկայացուցիչները, որոնց ելույթներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Այսօրվա ելույթ ունեցողներից մեջ էր թուրք լրագրող, բլոգեր Յավուզ Բայդարը: Իր ելույթում նա ասաց, որ Ժողովրդավարական Թուրքիայի բոլոր հույսերն ու երազները վերջնականապես խորտակված են, և ինքը հույսը կտրել է ներկայից, ուստի վստահ է, որ մեծ աշխատանք պետք է տանել հատկապես եկող սերունդների հետ: Թուրք հայտնի լրագրողը հատկապես շեշտեց, որ այսօր հույս չի ներշնչում նաև ո՛չ Արևմուտքի բռնած ճանապարհը ո՛չ էլ Ռուսաստանի հզորացումը: «Այսօր համաշխարհային մակարդակով պայքար պիտի տարվի, որի համար պետք է օգտագործվեն տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորությունները: Օնլայն պայքար պետք է սկսել թե՛ մարդու իրավունքների համար, և թե Թուրքիայի ոճիրների դեմ, որն այսօր պարտադրվել է աշխարհին իբրև քաղաքական ոճ և ինչը տարածում է գտնում աշխարհում»,-մասնավորապես ասել է Յավուզ Բայդարը: