image

Որպեսզի չկորցնենք մեզ

Որպեսզի չկորցնենք մեզ

Ես շատ եմ մտածում մեր բոլորի հետ տեղի ունեցած կատակլիզմների մասին` վերջին համարյա 30 տարիներին տեղի ունեցած, մեր գլխներով անցած պատմությունների մասին։


Ես մեծացել եմ, առանց չափազանցության, այլ աշխարհում։ 1980-ականների կեսերին, երբ մորս քեռին մահացել էր, և մենք ապրում էինք Հրազդանում, քեռիս Երևանից մոտ մեկ ժամ մեքենայով ճանապարհ էր կտրել, որ մեզ հասցներ այդ գույժը։ Հեռախոսակապ մեր հանրակացարանում դեռ չկար։


Այժմ, աշխարհի 4 տարբեր երկրներում ապրող մեր ընտանիքի 4 անդամներով զանազան հավելվածներով մեկս մյուսին   մեսիջ թողնելիս, երբեմն բորբոքվում ենք, երբ վայրկենապես պատասխան չենք ստանում։


Ես ապրել եմ ուրիշ դարաշրջանում.  երբ ԲՈւՀ-երի ուսանողներն ավարտելուն պես ուղեգիր էին ստանում աշխատանքի տեղավորվելու այն շրջաններում, որտեղ պետությունը համապատասխան մասնագետների կարիք ուներ։ Այսօր ես կարող եմ աշխատանքի դիմել այնքան, որքան կկամենամ և այնտեղ, որտեղ կկամենամ։ «Այն» աշխարհում ծնողներս երիտասարդ ա՛յն մասնագետներից էին, որոնց ուղարկել էին Հրազդան՝ «ՀրազդանՄաշ»-ի աշխատուժին և նրա՝ գործարանի կողմից կառուցվելիք բնակարանների համար հերթին միանալու։


Ավելի քան տասը տարի հազարավոր համահայաստանյան միգրանտ աշխատուժի ու նրա ընտանիքների հետ միասին մենք սպասեցինք մեր սեփական անկյունի «գալստյանը», իսկ երբ նոր տան բանալիները ստացանք, այն մեզ այլևս պետք չէր. միութենական նշանակության գործարանը փակվելու վրա էր, ԽՍՀՄ-ը՝ կազմալուծվելու, և Հրազդանից Երևան տեղափոխվել էր պետք՝ աշխատանքի համար:


Իհարկե, Հայաստանի ու Արցախի այլ մասերում, Ադրբեջանի հետ պատերազմի այն տարիներին, մարդիկ միաժամանակ թափվող ականների տակ էին ապրում եւ ռազմաճակատից զինվորների դիակներ ստանում։ Հայաստան էին գալիս հազարավոր փախստականներ՝ փորձության ու փրկության սարսափելի պատմություններով։ Շատ տեղերում անտառահատում էր՝ վառելիք հայթայթելու և ջերմանալու համար:  Աղետի գոտում նորանկախ, ծանր այդ տարիները եկան արդեն իսկ ուղիղ և փոխաբերական առումներով ցնցումներ տարած բնակչության գլխին։


Թվացյալ ավելի թեթեւ ապագա կառուցելու համար ոչ պակաս կարևոր կորուստ էր այն, որ գրեթե մի գիշերվա մեջ հասուն բնակչությունը՝ մեր ծնողների ու տատերի սերունդները, տնտեսական ու քաղաքական իրենց ծանոթ կառուցվածքից հրաժարվեցին։ Իրենց հասկանալի աշխարհը, թեև ծայրահեղ թերի, չկար, ու նոր ժամանակներում նոր մարդ էր պետք դառնալ՝ ձեռներեց, հնարամիտ, ճկուն մտածելակերպով։ Եվ որևէ մեկի մեղքը չէ, որ ոմանք, սեղմ ժամանակամիջոցում դժվարություն դժվարության վրա տեսնելով`  կորցրին իրենց։


Հրազդանի մեր թանկագին հարևաններից` Ախալքալաքից ու Արցախից, Սումգայիթից ու Սիսիանից եկած, իմ հիշած մոտ 15 ընտանիքներից և ոչ մեկն այդ խեղճ քաղաքում չի մնացել։ Չինաստանի հետ Ռուսաստանի սահմանին, Չիտայում, կա նախկին հրազդանցի, էլ ավելի նախկինում՝ կար գյումրեցի մի ընտանիք։ 90-ականների սկզբներին նրանց փառահեղ ձայները մեր սեղանի շուրջ զնգում էին, երբ հարևաններով հավաքվում էինք մինչ «լույսերի տալը» երգարանով երգելու։


Քաղաքի մեղքը չէ. պատմության անիվների տակ ընկած` աղացվեցինք, փոշիացանք, շաղախվեցինք, գնացինք։

Ու չհասկացանք, թե ի՞նչ կատարվեց հետներս...


Ըստ հոգեբանների, մարդն իր տրավմատիկ փորձը պետք է բարձրաձայնի, գիտակցության միջով անցկացնի ու մշակի՝ իմաստավորելու համար։ Այլապես, այն, ամենայն հավանականությամբ կվերածվի հոգեկան տառապանքի աղբյուրի և նույնիսկ ֆիզիկական հիվանդության։ Կենսափորձը «մարսել» է պետք, որպեսզի այն մեզ «չուտի»։ Նաև վերլուծել դրա՝ մեզ տվածն ու մեզնից խլածը, տեղավորել մեր ողջ կյանքի տրամագծում ու ընդունել որպես մեր անձն ու կյանքը հարստացնող, գունավորող նյութ։ Սա հավասարապես վերաբերում է նաև մակրո մակարդակի մարդկանց խմբերին։


Ինչպե՞ս։ Այդ գործը ժամանակակից երկրներում անում են հասարակական գիտությունները, ինչպես օրինակ՝ հոգեբանությունը, հասարակագիտությունը, մարդաբանությունը, պատմաբանությունը, քաղաքագիտությունը։ Սովետի մոտ 70 տարիների ընթացքում դրանց զարգացումը, մեղմ ասած, ճնշվել է, իսկ ոմանց կարծիքով դրանք ջախջախվել են, քանզի համարվել է, որ մարքսիզմ-լենինիզմը կամ կոմունիզմը՝ պաշտոնական գաղափարախոսությունը, բոլոր երևույթների բացատրությունն ու լուծումն ունի։ Մենք «գիտեինք», թե ուր ենք գնում, ինչպես ենք զգում, ինչու ենք որոշակի կերպ մտածում։ Ուստի, հասարակության «ջերմությունը չափելու» գիտական գործիքները թերի ու համր են մնացել։ Իզուր։


Հասարակական գիտություններն են, որ փորձում են հասկանալ և բացատրություններ առաջարկել հասարակությանը՝ իր հետ տեղի ունեցող իրադարձությունների պատճառների, հետևանքների և իր վրա թողած ազգեցության մասին: Դրանք ժամանակների կոնտեքստի մեջ են դնում փոփոխությունները, խոսքեր գտնում հասարակության տրամադրությունների, հակումների, խնդիրների և նվաճումների համար։ Էս ամբողջ հաղորդակցությունը, վերլուծություններն ու տեսությունները պետք է, որ բարձրացնեն հասարակության ինքնաճանաչողությունը։ Առանց ինքներս մեզ հասկանալու, մեզ հետ տեղի ունեցածը վերլուծելու՝ մենք անկարող ենք հսկայական փոփոխություններն ինտեգրելու մեր ընթացիկ կյանքին, միահյուսելու։


Դելֆիի  տաճարի ճակատին մոտ 2500 տարի առաջ փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ»-ը այսօր էլ ճիշտ է թե՛ անհատական մակարդակում, թե՛ ազգի։ Այս հրամայականն է, որ Սոկրատեսի շուրթերին դարձել է «Չքննված կյանքը չարժե ապրել»։


Ուրեմն ի՞նչ պետք է անել։ Իմ խորին համոզմամբ,  հակառակ առօրյա «քիչ խոսել» խորհրդի, զուգահեռ  կարևոր ու անշուշտ անհրաժեշտ գործ անելուն, պետք է խոսել, լսել, պայմանավորվել ու բանավիճել, որովհետև «ոսկին» էդտեղ է թաղված։ Հակառակ «քիչ փիլիսոփայիր» նախատինքին, պետք է խորհել, գցել ու բռնել, տալ ու առնել մեզ հասած ճակատագրի ուրվագծերը հասկանալու, մեր կորուստները նվաճումների կողքին դնելու, թացը չորից զատելու համար։ Որ ի վերջո երևակվի մեր ճանապարհը, որպեսզի «այն» աշխարհը «այս» աշխարհի հետ կապենք, որպեսզի սուր պառակտման, խայտառակ խզման զգացողությունից ի վերջո ազատվենք, որպեսզի նոր կյանք կառուցենք առանց ինքներս մեզ կորցնելու։

 

Նանե Վ Հ

Նանե Վ Հ

Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբա...